Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծափաթաղում uպшնված Տիգրանի քույր–եղբայրները Նոր տարին կանցկացնեն ՀՕՖ կենտրոնում
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոները կանցկացնեն Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։
«Մեզ մոտ են դեռ, Նոր տարվա տոներին մեզ մոտ են լինելու։ Երեխաների վիճակը համեմատաբար ավելի հանդարտ է, քան նոր եկած ժամանակ։ Ամեն դեպքում դեռ սթրեսից դուրս չեն եկել։ Երեխաներից մեկի վարքը մի փոքր բարդ է, հոգեկան առողջության խնդիր ունի։ Պետք է մշտապես մոտը մարդ լինի, այլապես կարող է իրեն կամ ուրիշներին վնասել։ Մասնագետները աշխատում են նրանց հետ»,- նշեց Անտոնյանը։
Նրա խոսքով՝ թեև մայրը ցանկություն հայտնում է իր երեխաներին վերադարձնել, այնուամենայնիվ, առայժմ նման որոշում չկա։
«Կսպասենք համապատասխան ատյանների որոշմանը։ Քանի դեռ գործը քննության մեջ է, որոշում չկա, չեմ կարծում՝ ընտանիք վերադարձ լինի։ Կարող է՝ առանձին դիտարկեն մորը տալու հարցը, չգիտեմ։ Մայրը ցանկություն է հայտնում իր երեխաներին իր մոտ վերցնելու։ Երեխաների հետ կապի մեջ է՝ զանգով, գնալ-գալով։ Հաճախ չի կարողանում գալ, դե ծախս է »,- ասաց Անտոնյանը։
Երեխաներն արդեն ամանորյա նվերներ ստացել են։
«Տարբեր կազմակերպություններ երեխաներին անվանական նվերներ են բերել։ Երեխա կա՝ ասել է, թե ինչ է ուզում։ Դեկտեմբերի 31-ի գիշերն էլ կստանան իրենց անհատական նվերները»,- եզրափակեց կենտրոնի տնօրենը։
Հիշեցնենք` Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով։