Սա դեմպինգ է, ՄՍՇՊ հանձնաժողովը պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնի. Վանեցյանը՝ ադրբեջանական բենզինն էժան վաճառելու մասին
Քաղաքական
23:00 29/12/2025
Հայաստան

Սա դեմպինգ է, ՄՍՇՊ հանձնաժողովը պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնի. Վանեցյանը՝ ադրբեջանական բենզինն էժան վաճառելու մասին

«21-րդ դարում փակ սահմաններն ունենալն անհեթեթություն է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի դիմաց ենք դա ստանում։ Ինչի՞ դիմաց ենք ստանում այդ բենզինը»,-անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինի վերաբերյալ հարցին՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, ամենավատն այն է, որ իշխանության ցանկացած գործողության մեջ առկա է քաղաքական PR-ի էլեմենտ, նրանք դա չեն անում լավ նպատակի համար, այլ բացառապես PR-ի համար։

«Վերցում են ու գինը դնում են ցածր, ասում են, տեսեք, ժողովուրդ, ադրբեջանական բենզինի գինը ցածր է։ Գրագետ մարդիկ, վստահ եմ, գիտեն,  բենզինի, դիզվառելիքի գինը ձևավորվում է բորսայում։ Ես ուսումնասիրել եմ, վերջին  երկու ամսում պրեմիում տեսակի բենզինի գինը, 1333 լիտրի հաշվով տատանվել է 670-700 դոլարի սահմաններում, եթե այդ հաշվարկն անում ենք, գումարում ենք Վրաստանի տարածքով երկաթգծով տեղափոխման ծախսերը, ակցիզային  հարկը, մաքսատուրքը, բնապահպանական վճարը, այդ բենզինի մեկ լիտրի գինը լինում է 380 դրամ։ Սա ասում եմ ռուսական բենզինի մասին։  Եթե իշխանությունները ցանկություն ունենային 430 դրամով վաճառել, կկարողանայի՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, կկարողանային։ Նույն տրամաբանությունն է ադրբեջանական բենզինի հետ կապված։ Ես կրկնում եմ, բենզինի գինը որոշվում է բորսայում, եթե Ադրբեջանն իջացրեց այդ գինը, մենք պետք է հարց տանք՝ ինչո՞ւ իջեցրեց, մեր սիրուն աչքերի՞  համար։ Ճանապարհածախսն էլ  գրեթե նույն է։ Հիմա պետությունը որոշում է կայացրել, այդ բենզինն իրացնող ցանցին ասել է՝ կամ եկամուտ չգեներացնես, կամ մինիմալ եկամուտ աշխատի։ Նա էլ անում է։ Մի ասացվածք կա, չէ՞, անվճար պանիր միայն թակարդում կարող ես գտնել»,-ասել է Վանեցյանը։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնի։

«Սա դեմպինգ է։ Ինչ-որ մի փուլում 430 դրամով կծախեն, բոլոր խաղացողներին կհանեն , հետո կսարքեն բենզինը 600 դրամ, բայց շուկայում այլ խաղացողներ չեն լինի»,-ասաց Վանեցյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա դեմպինգ է, ՄՍՇՊ հանձնաժողովը պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնի. Վանեցյանը՝ ադրբեջանական բենզինն էժան վաճառելու մասին