Եթե ընդդիմությունն իշխանությանը չհաղթեց մինչև քվեարկություն, ապա պարտված է. Քաղտեխնոլոգ
Քաղաքական
15:45 29/12/2025
Հայաստան

Եթե ընդդիմությունն իշխանությանը չհաղթեց մինչև քվեարկություն, ապա պարտված է. Քաղտեխնոլոգ

2025-ը Հայաստանի իշխանությունների համար բավականին հաջող ու հաղթական տարի էր։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ  Արմեն Բադալյանը։

«Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրն ամբողջովին տեղավորվում է իշխանությունների նախընտրական ռազմավարության մեջ։  Իրականում, կարևոր չէ, թե այդ պայմանագիրը խաղաղություն հաստատո՞ւմ է, թե՞ չի հաստատում, բայց PR տեսանկյունից տեղավորվում է նախընտրական արշավի շրջանակում։ Բացի այդ, ամբողջ տարին ցույց տվեց, որ քաղաքական օրակարգ իշխանություններն են թելադրում, ընդդիմությանը որևէ կերպ չհաջողվեց ոչ մի հարցում օրակարգ ձևավորել։ Սա ռազմավարական հաջողություն է։ Բացի այդ, այն, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ տարի մնաց իր պաշտոնում, դա նույնպես իշխանության համար հաջողություն է»,-կարծիքն  այսպես հիմնավորեց  քաղտեխնոլոգը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ այս պարագայում պետք չէ նույնացնել իշխանությունն ու պետութունը, քանի որ անցնող տարին պետության համար բացասական տարի էր. պետությունն անընդհատ զիջումների է գնացել։

«Իշխանության անհաջողությունը տակտիկական առումով միայն այն էր, որ չհաջողվեց եկեղեցում իշխանափոխություն իրականացնել։ Ինչպես մի քանի անգամ նշել եմ, սա շատ երկար ժամանակ իրենց չի հաջողվելու»,-ասաց Ա. Բադալյանը։

Ամփոփելով տարին ընդդիմության համար՝ քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ 2025-ն անհաջող, ձախողված տարի էր, ընդդիմությունը ինչպես չի կարողացել ՔՊ-ին հեռացնել իշխանությունից, այդպես էլ չկարողացավ դառնալ օրակարգ թելադրող, միշտ վազում է իշխանության օրակարգի հետևից՝ փորձելով մերժել այն, իսկ իրենք սեփական օրակարգ չունեն։

«Հասարակության հետ կապը, կարելի է  ասել, կտրված է, բացառությամբ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի քանի պատգամավորների, որոնք երբեմն գնում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ։ Բայց մշտական կապ հասարակության հետ չկա։ Նրանք անընդհատ արձագանքողի դերում են, իսկ դա թուլության նշան է։ Թույլի հետևից ոչ ոք չի գնում»,-ասաց Բադալյանը։

Առջևում 2026 թվականն է, հունիսին նախատեսված են  հերթական խորհրդարանական ընտրություններ, իսկ աշնանը խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություններ։ Քաղտեխնոլոգը համոզված է, որ Եվրամիությունն անելու է ամեն ինչ այս իշխանությունների վերարտադրման համար։

«Եթե իրավիճակն այսպես շարունակվի, դա կստացվի։ Այս իշխանությունները ոչ թե ԵՄ դաշնակիցներն են, այլ ԵՄ գործակալները Հայաստանում։ Այնուամենայնիվ, դա նրանց հաղթանակն է։ Ընդդիմության պարտությունն է, որ նրանք այդպես էլ չհասկացան, թե ինչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ոչ թե Հայաստանում, այլ մեծ ռեգիոնում, չկարողացան ձեռք բերել տեսանելի աջակիցներ՝ հանձին Իրանի և Ռուսաստանի։ Որևէ համագործակցություն, տեսանելի աջակցություն չկա, հատկապես այն պարագայում, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հստակ նշեց, որ «Թրամփի ուղին» նույն Զանգեզուրի միջանցքն է, որն իրենց համար մերժելի է։ Դրանից հետո Հայաստանի ընդդիմությունը   որևէ կերպ չարձագանքեց այդ հայտարարությանը։ Իրանն այս առումով պոտենցիալ դաշնակից էր, մերժվեց Իրանի դաշնակցությունը»,-ասաց Բադալյանը։

Խորհրդարանական ընտրություններում որպեսզի  ընդդիմությունը հաջողության հասնի, ըստ փորձագետի, նա պետք է գործի մինչև քվեարկություն, հետընտրական որևէ գործընթաց բացառված է, քանի որ հասարակությունը փողոց դուրս չի գալիս ոչ իշխանության համար, ոչ էլ ընդդիմության։

«Եթե ընդդիմությունը գնում է մոլդովական սցենարին մաս կազմելու ու իբր թե ընտրությունների միջոցով ծրագրավորված գործընթացն ապածրագրավորելու, հաղթանակ տանելու, ինքը 100 տոկոսով պարտվելու է, քանի որ այդ սցենարը չի ենթադրում ընդդիմության հաղթանակ։ Ծրագրավորողները դրսում են, դու չես կարող մտնել ուրիշի խաղի մեջ ու ապածրագրավորես այն։ Դու պետք է մտածես, ինչ անել, որ հաղթես իշխանությանը մինչև ընտրություն, եթե դու չհաղթեցիր մինչև քվեարկություն, դու պարտված ես»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընդդիմադիր որևէ ուժի կողմից այս պահին հաղթանակին միտված քայլեր չի տեսնում։

Ընդդիմությունը, ըստ նրա,  միայն իր ուժերով իշխանությանը փոխել չի կարող, նման պոտենցիալ չկա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ անց ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ընդդիմությունն իշխանությանը չհաղթեց մինչև քվեարկություն, ապա պարտված է. Քաղտեխնոլոգ