Ինչպես վայելել տոնական օրերը և չվնասել առողջությունը. առողջ սնուցման խորհուրդներ՝ ընտանեկան բժշկից
Օրվա թեմա
13:52 30/12/2025
Հայաստան

Ինչպես վայելել տոնական օրերը և չվնասել առողջությունը. առողջ սնուցման խորհուրդներ՝ ընտանեկան բժշկից

Տոնական օրերը դժվար է պատկերացնել առանց առատ սեղանների, ընտանեկան հավաքների և սիրված ուտեստների։ Սակայն այդ օրերին սննդի քանակն ու բազմազանությունը հաճախ կարող են ազդել մեր առողջության վրա։ Հենց այդ պատճառով առողջ սնուցման հարցը տոնական օրերին դառնում է առավել արդի։

«Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Դանիելյանը ներկայացնում է խորհուրդներ՝ ինչպես ճիշտ սնվել՝ չվնասելով առողջությանը:

Ընտրեք և առաջարկեք առողջ սնունդ

Պահպանելով սննդի պատրաստման և պահպանման կանոնները: Սենյակային ջերմաստիճանում սննդատեսակների մեծ մասը չի կարելի սեղանին թողնել ժամեր շարունակ, մասնավորապես 30 աստիճանի դեպքում սառնարանից դուրս կարելի է թողնել կես ժամից ոչ ավելի: Եթե հիգիենայի պահպանման կասկածներ ունեք, կերեք միայն այն, ինչ անմիջապես կրակից է վերցվել և տաք է մատուցվում:

Վայելեք սնունդը՝ առանց մեղքի զգացումի

Սնունդն ընդունեք սեղանի շուրջ նստած՝ հետևելով չափաքանակներին, վայելելով այն, ինչն ամեն օր չենք պատրաստում, այլ միայն տոնական օրերին: Կերեք փոքր չափաբաժնով, դանդաղ, վայելեք համը և ոչ թե քանակը: Եթե քաղցրակեր եք, նախքան դեսերտին անցնելը բանջարեղենային սնունդ ընդունեք, որը կդանդաղեցնի շաքարի ներծծումը և քաղցրի նոր չափաբաժինների կարիք չեք ունենա:

Չափավոր եղեք

Չափավոր եղեք թե՛ սննդատեսակների, թե՛ ալկոհոլի ընդունման հարցում: Ափսեն կարող եք բալանսավորել՝ կեսը թողնելով օսլա չպարունակող բանջարեղենին, մեկ քառորդը մսամթերքին (միս կամ հնդկահավ, որը գերադասելի է սպիտակուցի բարձր պարունակության և քիչ յուղայնության և համային հատկանիշներով), մեկ քառորդն էլ ածխաջրատային, հացահատիկային:

Սովորական գինին կարող է ավելի պակաս վնասակար լինել, քան տարբեր նոսրացված կոկտեյլները, որոնց քաղցր հյութեր են ավելացվել, և այդ դեպքում ձեր լյարդը ստիպված երկու դժվարություն պետք է հաղթահարի` միաժամանակ ալկոհոլի և ֆրուկտոզայի իրացումը: Երկուսն էլ այսօր լյարդի համար թույն են համարվում, բայց տոնական օրերին մենք կարող ենք մեզ թույլ տալ չափավոր քանակներով, եթե չունենք հաստատված ախտորոշում: Գինու ընդունման արանքում ջուր խմեք, որը կկանխի ջրազրկումը: Առահասարակ ջուր շատ խմեք:

Ֆիզիկապես ակտիվ եղեք: Պարը և զբոսանքը կարդարացնեն սննդի հետ ընդունված կալորիաների քանակի ավելացումը:

Սննդի ընդունումը բաց մի՛ թողեք, մտածելով, որ հյուրասիրության ժամանակ կուտեք: Որևէ միջոցառման գնալուց առաջ ոչ մեծ քանակով առողջ սնունդ ընդունեք, հիմնականում սպիտակուցային, որը ձեզ հնարավորություն կտա միջոցառման ընթացքում ընտրողական լինել և չչարաշահել սնդի չափաբաժինները:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder