Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2025 թվականի նոյեմբերին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 308 835 դրամ։ Պետական համակարգում միջին աշխատավարձը եղել է 229 471 դրամ, մասնավոր հատվածում՝ 339 100 դրամ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ միջին աշխատավարձը աճել է 7,8 տոկոսով։
Սակայն որքանո՞վ է այս աճը համահունչ գնաճին և որքանո՞վ է բավարար Երևանում ապրելու համար։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ, Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Խոսելով պետական համակարգում աշխատավարձերի մասին՝ Մակարյանը նշեց, որ պետությունն ինքն էլ ընդունում է՝ դրանք բավարար չեն։
«Պետական ապարատում պետությունը մինչև հիմա դեռ համարում է, որ աշխատավարձները ցածր են։ Միջին պետական աշխատավարձը մոտ 220–230 հազար դրամ է։ Իհարկե, սա չի վերաբերում բարձր պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, մարզպետներին, որոնց աշխատավարձերը կարող են հասնել 700 հազարից մինչև մեկ ու կես միլիոն դրամի՝ գումարած պարգևավճարները»,– ասաց նա։
Ըստ նրա, հենց պարգևավճարների հաշվին պետական համակարգում որոշ դեպքերում միջին աշխատավարձը 228 հազար դրամի փոխարեն կարող է հասնել մոտ 280 հազար դրամի կամ ավելի։
Տնտեսագետը շեշտեց, որ աշխատավարձերի աճը հիմնականում պայմանավորված է մի քանի ոլորտներով։
«Եթե նայենք վերջին տարիներին, աշխատավարձերը էականորեն բարձրացել են, բայց դա հիմնականում մի քանի ոլորտների շնորհիվ է՝ ֆինանսական ծառայություններ, բանկեր, ՏՏ ոլորտ, հանքարդյունաբերություն և որոշ ծառայություններ։ Իսկ արդյունաբերությունում, վերամշակվող արտադրություններում, կրթության ու առողջապահության ոլորտում աշխատողները շարունակում են ստանալ 150–200 հազար դրամ»,– նշեց Մակարյանը։
Տնտեսագետի խոսքով, պաշտոնական գնաճը վերահսկելի սահմաններում է, սակայն իրական կյանքում իրավիճակն այլ է։
«Գնաճը պետք է բաժանել երկու մասի։ Առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի արագ են թանկանում։ Սուրճը, ձեթը, գյուղմթերքը, բանջարեղենը՝ ամեն ինչ թանկացել է։ Այսօր լավ լոլիկը 700 դրամից պակաս չկա, հաճախ 1000 դրամ է, վարունգն էլ նույն տրամաբանությամբ»,– ասաց տնտեսագետը։
Գ.Մակարյանը նշեց, որ գների բարձրացման պատճառներից մեկն էլ ջերմոցային արտադրանքի մեծ մասնաբաժինն է։
«Ջերմոցային մթերքներն առնվազն 30 տոկոսով թանկ են դաշտային պայմաններում աճեցվածներից»,– հավելեց նա։
Մակարյանի գնահատմամբ, այսօր անգամ միջին աշխատավարձը չի ապահովում նորմալ կենսամակարդակ։
«Եթե վերցնենք երեք հոգանոց ընտանիք, այսօր 300 հազար դրամը չի բավարարում։ Որ միջինին մոտ կարողանան ապրել, ընտանիքի եկամուտը պետք է լինի առնվազն 300–400 հազար դրամ»,– ասաց նա։
Ըստ նրա, եթե ընտանիքում աշխատում է միայն մեկ մարդ, ապա նույնիսկ մասնավոր սեկտորի միջին աշխատավարձը բավարար չէ։
«Եթե պետական աշխատող է՝ հաստատ երկու հոգի պետք է աշխատեն։ Եթե մարզերում ենք խոսում, այնտեղ էլ աշխատատեղերի պակաս կա, և երկու հոգի աշխատելը հաճախ պարզապես անհնար է»,– ընդգծեց տնտեսագետը։
Գագիկ Մակարյանը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզերում տիրող իրավիճակին, որտեղ աղքատությունը հասնում է 30-ից 40 տոկոսի։
«Ծայրահեղ աղքատությունը հիմնականում մարզերում է։ Ընդհանուր աղքատությունը մոտ 21 տոկոս է, բայց մարզերում հասնում է 40 տոկոսի։ Մարզերում աշխատատեղերը քիչ են, ընտանիքի դեպքում դժվար թե կարողանան մեկից ավելին աշխատի, մարդիկ դատապարտված են ապրել աղքատության շեմին մոտ»,– նշեց նա։
Տնտեսագետի կանխատեսմամբ, գների նվազում չի սպասվում․ վերջին չորս տարիներին գրեթե ոչ մի ապրանք չի էժանացել։
«Միսը, բանջարեղենը, հացամթերքը՝ ամեն ինչ թանկանում է։ Այս տենդենցը շարունակվելու է, և աշխատավարձերը պարզապես չեն հասցնում կոմպենսացնել այդ թանկացումը»,– ասաց Մակարյանը։
Պատասխանելով հարցին՝ հաշվի առնո՞ւմ են արդյոք գործատուները կյանքի թանկացումը, Մակարյանը նշեց՝ որոշ չափով։
«Բիզնեսը առաջարկում է այնքան, որ իր աշխատողին չկորցնի։ Եթե տեսնում է, որ կադրը կարող է գնալ ուրիշ տեղ, որոշ զիջումների է գնում։ Բայց իրականում բիզնեսը այդքան եկամտաբեր չէ, որ անընդհատ բարձրացնի աշխատավարձերը»,– նշեց նա։
Դիտարկմանը, որ եվրոպական շատ երկրներում գները գրեթե նույնն են կամ ավելի ցածր են, քան Հայաստանում, բայց աշխատավարձերը անհամեմատ բարձր, Մակարյանը արձագանքեց․ «Համեմատության մեջ մեզ մոտ հիմնական խնդիրը ցածր արտադրողականությունն է և ցածր սպառումը։ Մեր ձեռնարկությունները չեն աշխատում ամբողջ հզորությամբ։ Տեխնոլոգիաները հին են, սարքավորումները մաշված, սպառումը քիչ է, որ արտադրությունը մեծ ծավալներով աշխատի։ Բացի այդ՝ որակի խնդիր կա։ Մեր արտադրանքի որակի պատճառով չենք կարողանում արտահանել Եվրոպա։ Մեր առևտուրը հիմնականում ԵԱՏՄ-ի շրջանակում է, որովհետև այնտեղ ավելի հեշտ է վաճառել միջին որակի ապրանք»։
Մակարյանը մատնանշեց նաև աշխատուժի, կրթության ցածր որակի խնդիրները, որոնք, ըստ նրա, բացասաբար են անդրադառնում աշխատողների արտադրողականության վրա։
«Արտադրողականությունը ցածր է նաև հմտությունների պակասի, աշխատուժի քանակի, կրթության և աշխատաշուկայի դիսբալանսի պատճառով։ Առանց այս խնդիրների լուծման՝ աշխատավարձերի կայուն աճ պարզապես չի կարող լինել»,– եզրափակեց Գագիկ Մակարյանը։