Քաղաքական շոու՝ ապօրինի գույքի անվան տակ․ Ընդդիմադիրներն ահազանգում են ճնշումների նոր ալիքի մասին
Քաղաքական
19:16 30/12/2025
Հայաստան

Քաղաքական շոու՝ ապօրինի գույքի անվան տակ․ Ընդդիմադիրներն ահազանգում են ճնշումների նոր ալիքի մասին

Օրերս հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակի միջոցով Գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքերի վարչություն են հրավիրվել քաղաքական մի շարք գործիչներ։ Նրանց թվում են դաշնակցականներ Լևոն Մկրտչյանը, Իշխան Սաղաթելյանը, նախկին դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը և այլք։ Այս պահին հանրությանը հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գույքերի մասին է խոսքը։ Գլխավոր դատախազությունը ևս գործընթացը չի մեկնաբանում՝ պատճառաբանելով, որ մինչև դատարանի կողմից գործերի ընդունումը չեն կարող որևէ տեղեկատվություն հրապարակել։

Տեղի ունեցող գործընթացը ընդդիմադիր քաղաքական գործիչները գնահատում են որպես քաղաքական հերթական հետապնդումների ալիք։

Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ իշխանությունները տարբեր գործիքներ են կիրառում ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Նրա խոսքով՝ օգտագործվում են իշխանությունների կողմից հորինված մեխանիզմներ։

«Օգտագործվում է իրենց հորինած ապօրինի գույքի մասին օրենքը, մյուս քաղբանտարկյալների պարագայում՝ այլ քրեական գործեր։ Սրբազան հայրերի հետ կապված գործեր, Կարապետյանների հետ կապված, Աշոտյանի, Նարեկի, Վազգենի, Դավիթի և այլոց գործերը։ Գործիքակազմը կարող է տարբերվել, բայց նպատակը նույնն է՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրել։ Այստեղ որևէ իրավական գործընթաց չկա․ սա մաքուր քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Մամիջանյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Կարեն Ավագյանը հանրապետականներից միակը չէ, որի նկատմամբ նման գործընթաց է իրականացվում։

«Նմանօրինակ գործընթացներ փաստացի կան մեր գործադիր մարմնի գրեթե բոլոր անդամների, խորհրդի բազմաթիվ անդամների, ինչպես նաև շարքային կուսակցականների նկատմամբ։ Հանրապետական կուսակցության դեմ դեռ 2018 թվականից սկսած ամենատարբեր մեր կուսակցականների նկատմամբ գրեթե շարունակաբար փորձ է արվում այս կամ այն կերպ շինծու հետապնդումներ իրականացնել՝ նույն տրամաբանության շրջանակում»,- հավելեց նա։

Մամիջանյանի գնահատմամբ՝ այս գործընթացների հիմնական նպատակը ընդդիմախոսներին լռեցնելն է՝ վախեցնելու, զբաղեցնելու և բոլոր հակաօրինական միջոցներով ճնշելու միջոցով։ Նույն գնահատականն ունի նաև դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Panorama.am-ի հետ զրույցում նա գործընթացը բնորոշեց որպես քաղաքական շոու՝ ընտրություններին ընդառաջ։

«Ցանկացածի համար էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում։ Այս իշխանություններին պարբերաբար պետք են շոուներ, և շոուների այդ տրամաբանության մեջ հիմա՝ այս իշխանության ճիգերին ամեն րոպե պատրաստվել ընտրությունների, հասարակության մեջ որոշ տրամադրություններ ստեղծելու փորձ է։ Այդ առումով որևէ զարմանալու բան չկա»,– ասաց նա։

Պատգամավորը վստահեցրեց, որ այս գործընթացները դատապարտված են ձախողման։

«Իհարկե վստահ եմ, որ ձախողվելու են, տապալվելու են։ Բայց նպատակը դա չէ․ նպատակը ջուր պղտորելն է, մարդկանց վրա ազդելն է։ Ընդամենը դա է, ոչ ավել»,– նշեց Մանուկյանը։

Խոսելով հատկապես Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին՝ Գեղամ Մանուկյանը կտրուկ ձևակերպումներ օգտագործեց։

«Իշխան Սաղաթելյանի մասով կարող եմ շատ կարճ ասել՝ սա ուղղակի խայտառակություն է։ Այս մարդը, մարդիկ առավոտը հայելու առաջ սանրվում են, իրանց նայում են, իրանց երեսին թքում են ու ասում՝ լավ, ոչինչ, ինչ լինի՝ լինի։ Որովհետև տեսեք՝ գոնե մեր աչքի առաջ էր այդ ամբողջը։ Իշխանը մեր աչքի առաջ է ամբողջ իր գործունեությունը ծավալել։ Մարդը կյանքում որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, աշխատել է ընտանիքով՝ եղբոր հետ։ Մինչև 2018 թվականը որևէ պետական պաշտոն չունեցող մարդու մասին խոսել ապօրինի գույք ունենալուց՝ սա ուղղակի անհեթեթություն է»,– ընդգծեց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ տեղի ունեցող գործընթացները որևէ իրական իրավական նպատակ չեն հետապնդում և ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder