2025-ին տեսանք ճնշումներ՝ համայնքի բնակիչների, ակտիվիստների վրա․ Դուլգարյանն ամփոփում է բնապահպանության ոլորտը
Հարցազրույցներ
17:00 31/12/2025
Հայաստան

2025-ին տեսանք ճնշումներ՝ համայնքի բնակիչների, ակտիվիստների վրա․ Դուլգարյանն ամփոփում է բնապահպանության ոլորտը

Ինչպիսի՞ն էր 2025թ․-ը բնապահպանության ոլորտի համար։ Ինչպիսի՞ բացթողումներ ունեցանք և ինչպիսի խնդիրների բախվեցինք և արդյո՞ք ունեցանք ձեռքբերումներ։ Ահա այս հարցերի պատասխանը  Panorama.am-ը ստացել է բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանից։

Նրա դիտարկմամբ՝ 2025թ․-ին շարունակեցինք բախվել այն նույն խնդիրներին , որոնք առկա էին մինչ այդ։ Օրինակ՝ տարբեր հանքարդյունաբերական ընկերություններ, տարբեր գյուղական համայնքներում փորձում էին  իրականացնել որոշակի գործունեություն՝ նոր տարածքներ վերցնել գյուղատնտեսական հանքարդյունաբերական գործունեության համար։

«Այդ ամեն ինչի մեջ ամենացավալին այն էր, որ համայնքի բնակիչները մնում են միայնակ այդ ընկերությունների դեմ։ Մենք տեսել ենք տարբեր տեսակի ճնշումներ  համայնքի բնակիչների վրա, ակտիվիստների վրա ու տարբեր շրջանակներից։ Դրանք կարող են լինել ինչ-որ սպասարկող խմբեր, տեղական իշխանություններում, նաև քրեական ենթամշակույթի կրող անձինք։ Այս ամենը ցույց է տալիս, որ մեր խնդիրները, տեղական ժողովրդավարության առումով բնապահպանության ոլորտում մնում են բավականաչափ խնդրահարույց և կան նոր գյուղատնտեսական տարածքների կրճատման վտանգներ»,- ասաց Դուլգարյանը։

Նրա գնահատմամբ՝ այն , որ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ գնում անընդհատ կարող են գնալ համայնքներ և լսումներ կատարել, խոսում է օրենսդրական բացի մասին։

«Այդպես եղավ Քարաբերդի և մյուս բնակավայրերի դեպքում, երբ ավելի քան տասն անգամ գալով՝ փորձում էին իրենց կամքը թելադրել։ Այս տարի ավելի ակնհայտ էր երևում, որ տեղական ինքնակառավարման մարմիններն այս հարցերում բավականաչափ անհաղորդ են համայնքի բնակիչներին կամ երբեմն կայացնում են որոշումներ, որոնք հակասում են համայնքի բնակիչների կարծիքներին։ Այսինքն՝ այստեղ ևս տեսնում ենք, որ տեղական, բնապահպանական իրավունքների,  ժողովրդավարության առումով   խնդիրներ։ Եվ այստեղ են հենց երևում  ամբողջ այդ օրենսդրական բացերը»,- հավելեց իրավապաշտպանը։

Նրա դիտարկմամաբ՝ երկրի սոցիալ տնտեսական զարգացման առումով և տեղական ժողովրդավարության առումով, բնապահպանական որոշումների կայացման առումով,  2025 թ․-ին ակնհայտ դարձավ, որ պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն։

 ««Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ, որոնք թույլ կտան համայնքին ձեռք բերել բնակավայրային իմունիտետ՝ նման  շարունակական հետապնդումների դեմ։ Եթե երկու անգամ համայնքի բնակիչները մերժել են հանրային լսումները, ապա պետք է ընկերությունների մուտքն առնվազն մի քանի տարով արգելվի տվյալ բնակավայր։ Այս օրենսդրական բացը պետք է լրացվի, որ չի կարող ավագանին կայացնել որոշում համայնքի բնաչկի փոխարեն, եթե վերջինս դեմ է։ Այստեղ մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք և 2026 թ․-ին այս բարեփոխումների մասին քննարկումներն ավելի կխորանան»։

 Միաժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ 2025 թ․-ին մենք ականատեսը եղանք Հայաստանում   էկոակտիվիստների  կամ շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ ներկայացվող դատական հայցերի։

«Հայցերը վերաբերում էին  իրենց արտահայտած դիրքորոշումներին, որոնք որակվում են որպես զրպարտություն  հայցվող կողմերին»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝  Հայաստանում էկոակտիվիստների գործով ավելի քան  30  գործ կա, 2025թ․-ին գումարվեց ևս երկուսով։

«Խոսքը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի դեմ հայցի մասին է և  Վայոց ձորի մարզպետարանի բնապահպանության վարչության պետի նկատմամբ ևս հայց  է ներկայացվել վերջերս։ Միջազգային հանրության մեջ այս թեզերը կոչվում են SLLAP այսինքն՝ ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության, և Հայաստանում, կարծեq թե, այդ պրակտիկան բավականաչափ խորացել է 2025 թ-ին»։

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն ակնկալում է, որ 2026 թ․-ին   Հայաստանում կմշակվենև ընդունվեն օրենսդրական նախագծեր, որոնք  համայնքի բնակիչներին, էկո ակտիվիստներին, քաղաքացիներին կպաշտպանեն օրենքի ուժով, որպեսզի  իրենց արտահայտած կարծիքի համար չհետապնդվեն։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder