Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ֆարսունկաները խփում են, մեքենան հանգչում է»․ վարորդները դժգոհ են հեղուկ գազի որակից
Սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ծավալվել Հայաստանում վաճառվող հեղուկ գազի որակի շուրջ։ Տասնյակ վարորդներ և ավտոմեխանիկներ ֆեյսբուքյան գրառումներում ու մեկնաբանություններում դժգոհում են, որ տարբեր լցակայաններից լցրած գազը վնասում է մեքենաները, խցանում համակարգերը և ստիպում ավտոմեքենաներին պարբերաբար անցնել բենզինի ռեժիմի։
Վարորդներից մեկը գրում է, որ նույն լցակայանից օգտվելուց հետո ստիպված է եղել երեք անգամ վերանորոգել մեքենան․ «3 անգամ իրար հետևից Գալֆի գազն է ավազ թափվում մեջից, ֆարսունկաներս էլ խփեց»,– նշել է օգտատերը։
Մեկ այլ օգտատեր նշում է, որ գազի համակարգը ամբողջությամբ աղտոտվել է․ «Gulf-ից հետո ես էլ եմ այսօր քանդել, փոխել, սաղ սալյարկա էր սիստեմի մեջ՝ ֆարսոնկով, շլանգներով»,– գրել է նա։
Բողոքները վերաբերում են ոչ միայն կոնկրետ լցակայանների, այլ նաև՝ ամբողջ շուկային։ Ավտոմեխանիկներից մեկը գրում է․ «Ես արհեստավոր եմ։ Սենց լիիիքը նկար ու վիդեո ունեմ։ Բոլոր զապրավկեքից բողոքում են։ Արտադրողի մեղքն է»,– նշել է օգտատերը։
Շատ վարորդներ նշում են, որ գազը լցնելուց հետո մեքենայի քաշը զգալիորեն ընկնում է, իսկ որոշ դեպքերում գազի հոտ ընդհանրապես չի զգացվում․ «Ֆիլտրը փոխելիս նկատեցի, որ ատստոյնիկի մեջի զանգվածը շատ ջրիկ հեղուկ է ու սալյարկի հոտ ունի, ասեմ ավելին՝ գազի հոտ ընդհանրապես չէր գալիս»,– գրել է օգտատերից մեկը՝ հավելելով, որ դրանից հետո մեքենայի «չեկի» լույսը սկսել է վառվել։
Վարորդների մի մասը բողոքում է, որ գազով մեքենան պարզապես չի աշխատում․ «Օրվա մեջ մի քանի անգամ գազով ընդհանրապես չի աշխատում, երկար կանգնեցի, հետո էլ չի խոդվում գազով, միքիչ բենզինով քշելուց հետո նոր դզվում է»,– նշել է օգտատերը։
Մեկ այլ վարորդ դժգոհում է, որ գազի յուրաքանչյուր լցումից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար անցնում է բենզինի․ «Ամեն գազ տալուց ավտոն բենզին է քցում, մի կմ-ի վրա էլ 70 անգամ գազից քցում է բենզին»։
Բողոքների մեջ առկա է նաև թերլիցքավորման և հնարավոր խաբեության թեման։ Օգտատերերից մեկը գրում է․ «52 լիտրանոց բալոնը 60 լիտր լցնում են։ Եթե չասես հերիք է, 70 կսարքեն»։
Լուսանկարը՝ ՀՀ գազալցակայաններ ֆեյսբուքյան էջից։
Մեկ ուրիշը կարծիք է հայտնել, որ գազի մեջ կարող են խառնել նավթային արտադրանքներ․ «Կան որ Իրանից նավթային արտադրանք են բերում, խառնում են հեղուկ գազին նոր ծախում։ Ինքը քաշը ավելացնում է ու էժան է, բայց գազի որակը ընկնում է»։
Ըստ նրա՝ որակական տարբերությունը հաճախ այնքան էլ նկատելի չէ, եթե գազին հավելումներ չեն խառնում, սակայն առաջնային խնդիրը մնում է վերահսկողության բացակայությունը։
Վարորդներից շատերը սոցիալական ցանցերում նաև հարց են բարձրացնում՝ արդյոք հնարավոր է ազդել իրավիճակի վրա։
«Ժողովուրդ, իրոք տարբերակ չկա՞ էս գազի հարցի վրա ազդելու։ Շատերս ենք գազով քշում, որ ուզենք՝ ինչ-որ բան կարող ա կարողանանք փոխել»,– նշել է օգտատերից մեկը։
Այս հրապարակումները վկայում են, որ հեղուկ գազի որակի խնդիրը միայն անհատական դժգոհությունների մակարդակում չէ և ունի համակարգային բնույթ՝ առաջացնելով ֆինանսական վնասներ, տեխնիկական խնդիրներ և հանրային դժգոհություն ավտովարորդների շրջանում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար հրապարակումներ է անում տարբեր լցակայաններում բացահայտված խախտումների և վաճառքի կասեցումների վերաբերյալ, սակայն վարորդների արձագանքներից կարելի է եզրակացնել, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված։