Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք արցախցիները կկարողանան մասնակցել 2026թ․-ի խորհրդարանական ընտրություններին
Այս տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Արդյո՞ք արցախցիներն ունեն իրավունք մասնակցելու 2026թ․-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ։
«Այս հարցը քննարկման առարկա կդառնա ընտրությունների օրվան ընդառաջ։ Արցախցիներից շատերը Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով կամ Նիկոլ Փաշինյանի ասած «քաղաքացիությունն» ընդունել են, որովհետև մենք գտնում ենք՝ նույնիսկ Արցախի հանրապետությունում Արցախի ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին։ Հիմա արցախցիներից շատերն այդ ճանապարհով են գնում, այսինքն՝ ևս մեկ անգամ ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բոլոր այնքան արցախահայերը, որոնք արդեն ստացել են քաղաքացիություն, նրանք միանշանակ կմասնակցեն ընտրություններ։Իսկ այն մասը, որը դեռևս կրկին չի ձևակերպել իր քաղաքացիությունը, կարծում եմ, ընտրություններին ընդառաջ այս հարցը կրկին կբարձրանա, և չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի»,- նշեց Հակոբյանը։
Քաղաքական գործչի փոխանցմամբ՝ արցախցիները հիմնականում ձևակերպում են քաղաքացիություն՝ սոցիալական և բնակարանային ծրագրերի օգտվելու, ինչպես նաև աշխատանքային խնդիրների հետ կապված։
«Արհեստականորեն դրվել էր քաղաքացիությունը կրկին անգամ վերահաստատելու պահանջը։ Մարդիկ գնում էին բազմաթիվ քաշքշուքների միջոցով կրկին անգամ վերահաստատում իրենց քաղաքացիությունը»։
Թե որքան արցախցի է մնացել Հայաստանում և որքանը՝ լքել երկիրը, Հակոբյանը ստույգ թվերի չի տիրապետում։ Միայն նշեց, որ մեծ թվով արցախցիներ, ցավոք սրտի, լքել են Հայաստանի Հանրապետությունը։
«Այս իշխանությունների, այս վարած քաղաքականությունը, այս իշխանությունների, այսպես կոչված՝ «սոցիալական» ծրագրերի բնույթը ստիպում են, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները չկարողանան ադապտացվել իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում և ստիպված ևս մեկ անգամ լքեն նաև այս հատվածը։ Ու թիվը բավականին մեծ է, սակայն որևէ կոնկրետ թիվ չեմ կարող հնչեցնել։ Մոտավորապես կարող եմ ասել, որ 15- 20 000 արցախցիներ լքած կլինեն Հայաստանը, ավելի մոտավոր թիվ չեմ կարող ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։