Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի վարչակազմը Գրենլանդիան համարում է ամերիկյան անվտանգության համակարգի մաս և կարծում է, որ կղզին պետք է լինի Միացյալ Նահանգների մաս։ Այդ մասին, Ըստ DW-ի, CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
«Որպեսզի Միացյալ Նահանգները ապահովի Արկտիկայի անվտանգությունը և պաշտպանի ՆԱՏՕ-ի շահերը, Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս»,-ասել է Միլլերը: Նա նաև Միացյալ Նահանգներին անվանել է «գերտերություն»: «Եվ նախագահ Թրամփի օրոք մենք կգործենք որպես այդպիսին»,-ընդգծել է նա։
Պատասխանելով CNN-ի հաղորդավար Ջեյք Թափերի հարցերին, Միլլերը խուսափել է ուղղակիորեն պատասխանել հաղորդավարի հարցին՝ Գրենլանդիան ուժով բռնակցելու հնարավորության մասին: Փոխարենը, նա կասկածի տակ է դրել կղզու նկատմամբ Դանիայի վերահսկողության օրինականությունը:
«Հարցն այն է, թե ի՞նչ իրավունքով է Դանիան պնդում Գրենլանդիայի վերահսկողության իրավունքի մասին: Ո՞րն է նրանց տարածքային պահանջների հիմքը: Ի՞նչ հիմքով է Գրենլանդիան Դանիայի գաղութ», - հարցրել է Միլլերը:
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել իր «պատմական դաշնակցի» դեմ ուղղված սպառնալիքները: Նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի բռնակցել Գրենլանդիան, դա կհանգեցնի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության ճարտարապետության փլուզմանը: