Գորգեր, ալկոհոլային խմիչք և հուշանվեր սուր․ Ի՞նչ նվերներ են ստացել բարձրաստիճան պաշտոնյաները
Քաղաքական
18:00 06/01/2026
Հայաստան

Գորգեր, ալկոհոլային խմիչք և հուշանվեր սուր․ Ի՞նչ նվերներ են ստացել բարձրաստիճան պաշտոնյաները

2025 թվականի դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրել են տարբեր արժեքի արարողակարգային նվերներ, որոնք ստացել են հիմնականում պաշտոնական այցերի, միջազգային հանդիպումների և աշխատանքային միջոցառումների շրջանակներում։ Հայտարարագրերում ներառված են ինչպես հուշանվերներ, այնպես էլ գորգեր, ալկոհոլային խմիչք և արվեստի գործեր։

Panorama.am-ը ներկայացնում է 2025 թվականի դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաների ստացած նվերները․ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Հունաստանի խորհրդարանի նախագահի կողմից ստացել է խորհրդարանի պատկերով հուշամեդալ՝ 160 հազար 200 դրամ արժողությամբ։ Նվերը դասակարգվել է որպես պետական կամ պաշտոնական այցերի ընթացքում տրվող արարողակարգային նվեր։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազից ստացել է կաշվե պատյաններով երկու հուշանվեր սուր՝ ընդհանուր 60 հազար դրամ արժողությամբ։ Նվերը փոխանցվել է տրանսպորտային միջոցով՝ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի շրջանակում, որին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է առցանց ձևաչափով։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերին մի քանի արարողակարգային նվեր է ստացել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից։ Վրաստանի ԱԳ նախարարից նա ստացել է մետաղե էջակալ՝ պատրաստված կոլխիդական ճարմանդի կրկնօրինակով՝ 62 հազար դրամ արժողությամբ։ Ղազախստանի նախագահից՝ վինիլային սկավառակի նվագարկիչ՝ 99 հազար դրամ արժողությամբ, իսկ Ղազախստանի ԱԳ նախարարից՝ ղազախական ավանդական գորգ «սըրմակ»՝ 159 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, Վրաստանի նախագահից Արարատ Միրզոյանը ստացել է նկարազարդ փայտե դեկորատիվ հուշանվեր՝ 45 հազար դրամ արժողությամբ։ Բոլոր նվերները փոխանցվել են պաշտոնական հանդիպումների և այցերի շրջանակներում։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերին ԱՄՆ դեսպանությունից ստացել է ալկոհոլային խմիչք՝ Chivas Regal 25 Year Old (0.7 լիտր), որի արժեքը կազմում է 252 հազար դրամ։ Նույն պաշտոնյան նոյեմբերին Կիպրոսի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդականի և հետախուզական ծառայության տնօրենի կողմից ստացել է կավե արձանիկ՝ 192 հազար դրամ արժողությամբ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարվա ընթացքում ևս մի քանի արարողակարգային նվեր է հայտարարագրել։ Օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարից նա ստացել է պարսկական գորգ՝ 151 հազար 600 դրամ արժողությամբ, իսկ Իրանի նախագահի կողմից՝ «Գելիմ Սոֆրեհ Կորդի» անվամբ հարթ հյուսված գոբելենային գորգ՝ 207 հազար դրամ արժողությամբ։ Նույն ամսին Իրանի առևտրաարդյունաբերության պալատից նախարարին փոխանցվել է պարսկական ձեռագործ «Սինաքարի» ոճով ծաղկամանի և ափսեի հավաքածու՝ 94 հազար 100 դրամ արժողությամբ։

Բացի այդ, Գևորգ Պապոյանը մարտին Ռուսաստանի Դաշնության կառավարության տնտեսական զարգացման նախարարությունից ստացել է «Մոսկվա» անվամբ ձեռագործ նկար՝ 119 հազար 800 դրամ արժողությամբ, իսկ Իրաքի Հանրապետության կառավարության գյուղատնտեսության նախարարությունից՝ Իրաքի կառավարության արձանիկ՝ 65 հազար 300 դրամ արժողությամբ։

Հայտարարագրված բոլոր նվերները դասակարգված են որպես արարողակարգային և ստացվել են օտարերկրյա պաշտոնյաների կամ կազմակերպությունների կողմից՝ օրենքով սահմանված կարգով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder