Երևանի շտապօգնության անձնակազմը պատշաճ չի վարձատրվում. Նախարարը խոստումներ է տվել
Առողջություն
17:55 07/01/2026
Հայաստան

Երևանի շտապօգնության անձնակազմը պատշաճ չի վարձատրվում. Նախարարը խոստումներ է տվել

Երևանում շտապօգնության մեկ կանչի համար Երևանի շտապօգնություն ՓԲԸ-ին տրվող գումարը կավելանա։ Նման խոստում է տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին։ Այս մասին նա ասաց Panorama.am-ի հետ զրույցում։ 

Հիշեցնենք, որ Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ Առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայությունների փոխհատուցման գործընթացում կիրառվել է ընտրովի և ոչ օբյեկտիվ մոտեցում, որը շուկայում ստեղծել է մրցակցային անարդարություն։ Երևանի Շտապօգնություն ՓԲԸ–ն, որը ենթակա է Երևանի քաղաքապետարանին, մինչ այժմ ստանում է ընդամենը 8020 դրամ մեկ կանչի դիմաց, մինչդեռ մարզերում գործող «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ընկերության փոխհատուցման չափը հասնում է շուրջ 13 հազար դրամի։

ՄՍՊՀ-ն նախարարությանը մինչև հունվարի 2-ը ժամկետ էր տվել խնդիրը շտկելու համար։  Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Երևանի Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ ամբողջությամբ։ 

Հարց– Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը արձանագրել է, որ առողջապահության նախարարությունը շտապ օգնության ծառայությունների փոխհատուցման հարցում կիրառել է ընտրովի մոտեցում։ Արդյո՞ք այդ որոշումից հետո որևէ շարժ նկատվում է կանչի գնի վերանայման ուղղությամբ։

Պատասխան– Այո, կա նման բան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կանչի գինը կվերանայվի։ Ճիշտն ասած՝ քիչ առաջ հենց նախարարն էր մեր մոտ, նաև վարչապետն ու քաղաքապետը։ Մենք ներկայացնում էինք այն մեքենաները, որոնք ձեռք ենք բերել, և այդ ընթացքում ես անձամբ այս հարցը բարձրացրեցի։ Նախարարը նշեց, որ անպայման կլինի հանդիպում, քննարկում, և գինը կվերանայվի։ Ժամանակն իսկապես հասունացել է դրա համար։ Մեծ սպասումներ ունենք՝ ոչ միայն ես, այլ ամբողջ անձնակազմը։ Մեր ակնկալիքն այն է, որ դա տեղի կունենա արդեն 2026 թվականի առաջին կիսամյակում, գուցե նույնիսկ առաջին եռամսյակում։

Հարց– Ձեր կարծիքով որքանո՞վ է այդ խոստումը պայմանավորված հենց ՄՊՀ-ի որոշմամբ։

Պատասխան– Անկեղծ ասեմ՝ դժվար է հստակ ասել։ Ամեն դեպքում ես եմ գրությունը ուղարկել ՄՊՀ, քննարկում է եղել, հանդիպում է կայացել, ես ներկա եմ եղել։ Իմ գնահատմամբ՝ դա ճիշտ և արդար որոշում է։ Չէր կարող լինել այնպես, որ, օրինակ, Արտաշատում կամ այլ մարզում մեկ կանչը արժենա մոտ 13 հազար դրամ, իսկ Երևանում՝ 8 հազար։ Դա նորմալ չէր։ Այդ պատճառով էլ դիմեցինք հանձնաժողովին։ Միաժամանակ կարծում եմ, որ նախարարությունն ինչ-որ փուլում ինքն էլ կգար այդ եզրակացության, նույնիսկ եթե ես չդիմեի։ Բայց, այո, ՄՊՀ-ի որոշումը, կարծում եմ, իր դերը ունեցել է։

Հարց– Հանձնաժողովը նշում էր, որ այս տարբերակված մոտեցումը կարող է հանգեցնել ֆինանսական ծանր հետևանքների, նույնիսկ սնանկացման։ Իրո՞ք նման ռիսկեր կային։

Պատասխան– Նայեք, օրինակ բերեմ։ Երևան քաղաքի շտապօգնությունը մոտ մեկ տարի առաջ՝ մոտ 10 ամիս առաջ, լիզինգով ձեռք բերեց յոթ նոր մեքենա։ Պետությունն այդ ծրագրի շրջանակում 10 տոկոս սուբսիդավորում է անում։ Մենք երեք տարվա ընթացքում մեքենաների մայր գումարը կուտակել ենք, ավանդ ենք դրել, այդ ավանդի տոկոսներով էլ մարում ենք մեքենաների գումարը, իսկ պետությունը վճարում է տոկոսները։ Այսինքն ամեն ինչ արել ենք, որ համակարգը կայուն աշխատի ու չհասնի սնանկացման եզրին։

Բայց այստեղ մեկ այլ շատ կարևոր խնդիր կա՝ անձնակազմի վարձատրությունը։ Որպես տնօրեն ես արդեն զգում եմ, որ անձնակազմը պատշաճ չի վարձատրվում։ Երբ 900 հոգանոց հիմնարկում մեկ աշխատողի աշխատավարձում նույնիսկ 1000 դրամ փոփոխություն է արվում, դա էական փոփոխություն է պահանջում։ Իսկ երբ կողքի քաղաքներում՝ Արտաշատում, Աշտարակում, Աբովյանում, նույն մասնագետը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, բնական է, որ մարդիկ դուրս կգան Երևանից ու կգնան այնտեղ աշխատելու։ Արդեն արտահոսք կար անձնակազմի։ Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կբարձրացվի և մարդիկ վերջապես արժանապատիվ վարձատրություն կստանան։

Հարց– Նախարարությունը հայտարարել էր, որ Երևանը պետք է ընդգրկվի հանրապետական շտապ օգնության համակարգում։ Այս գործընթացը ո՞ր փուլում է։

Պատասխան– Իմ տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ բոլոր մարզերը դեռ ամբողջությամբ ընդգրկված չեն այդ համակարգում։ Օրինակ՝ Սյունիքի մարզը և Վայոց Ձորը կարծես դեռ չեն ընդգրկվել։

Դեկտեմբերին վարչապետի մոտ խորհրդակցություն է եղել, ներկա են եղել քաղաքապետն ու նախարարը, և որոշում է կայացվել, որ լինի մեկ միասնական 103 հեռախոսահամար։ Ներկայում 103-ը դեռ Երևանի շտապօգնության ենթակայության տակ է։ Հետագայում այն կանցնի նախարարության համակարգ, երբ նրանք պատրաստ կլինեն՝ կունենան տարածք, տեխնիկական հագեցվածություն։ Սակայն Երևան քաղաքի շտապօգնությունը կմնա Երևանի համայնքի ենթակայության տակ և չի մտնի «Հանրապետական շտապօգնության կազմում։

Հարց– Վերջերս նաև որոշում է ընդունվել, ըստ որի՝ տարվա ընթացքում 8 կանչից ավելի դեպքերում քաղաքացին պետք է վճարի։ Կարծո՞ւմ եք, այս որոշումը կապ ունի՞ կանչի գնի վերանայման խոստման հետ։

Պատասխան– Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ պետք է սահմանափակում լինի։ Չի կարող մարդը անսահմանափակ կանչեր տալ։ Կարելի է քննարկել՝ ութը շատ է, քիչ է, պետք է լինի յոթ, ինը, բայց սահման պետք է լինի։ Ես վերջին մեկ տարում շատ եմ պայքարել խրոնիկ կանչեր տվողների դեմ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մեկ մարդ ամիսը 80 կանչ է տվել։ Դա նորմալ չէ։ Դեկտեմբերին էլ եղել են քաղաքացիներ, որոնք տվել են 20 կանչ, ուրախացել ենք։ Դա չի կարող համարվել շտապ բժշկական օգնության անհրաժեշտություն։

Ես անձամբ կողմ եմ ութ կանչի սահմանափակմանը՝ հասկանալով, որ կան բացառություններ՝ ինֆարկտ, ճանապարհատրանսպորտային պատահար, հրազենային կամ դանակահարության դեպքեր և այլն։ Այդ մասով կարելի է աշխատել ու որոշումը կատարելագործել։ Բայց ընդհանուր առմամբ՝ այս սահմանափակումը անհրաժեշտ էր։ Վաղը արդեն մի քանի քաղաքացիների ծանուցում եմ ուղարկելու, որոնք յոթ կանչ արդեն ունեցել են, որպեսզի իմանան՝ ութերորդից հետո վճարելու են։ Նրանց ախտորոշումները ցույց են տալիս, որ շտապ օգնության իրական կարիք չկա։

Հարց– Ձեր գնահատմամբ այս որոշումն ազդե՞լ է կանչերի ընդհանուր քանակի վրա։

Պատասխան– Այո, կարծում եմ որոշակի ազդեցություն ունեցել է։ Կանչերի թիվը արդեն նվազել է։ Սա ինձ համար դրական է, որովհետև հիմա ունենք իրավական ակտ, որի վրա կարող ենք հենվել։ Մինչ այս լրագրողներ, իրավապաշտպաններ հաճախ էին զանգում, հիմա արդեն կարող եմ ցույց տալ որոշումը և ասել՝ սա է կարգավորումը։ Այս իմաստով համակարգը վերջապես պաշտպանված է։

Զրուցեց Անժելա Պողոսյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder