Հիմա չոր տերևները չեն այրում, ինչո՞վ է պայմանավորված օդի աղտոտվածության այս բարձր ցուցանիշը․ Վարդանյան
Հասարակություն
20:25 07/01/2026
Հայաստան

Հիմա չոր տերևները չեն այրում, ինչո՞վ է պայմանավորված օդի աղտոտվածության այս բարձր ցուցանիշը․ Վարդանյան

Երևանում օդի որակի հետ կապված խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնվում է։ Իր էջում Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հրապարակել է տվյալներ՝ կից գրելով․

«Օդի որակը «Շատ անառողջ»։ Աշխատեք քիչ լինել դրսում, առավել ևս երեխաների հետ»։

 

Panorama.am-ի հետ զրույցում Քրիստինա Վարդանյանը նշեց, որ այժմ օդի որակը նույնքան վատ է, որքան նոյեմբեր ամսին, երբ հայտարարում էին, թե չպետք է այրել չորացած տերևները։

«Վերջին ելույթների մեկի ժամանակ Երևանի քաղաքապետը հայտարարում էր, որ տերևներն այրում են, ինչի հետևանքով օդն աղտոտվում է։ Հիմա չոր տերևները չեն այրում,բա  ինչո՞վ է պայմանավորված խնդիրը։ Կառավարվող ռիսկերը պետք է նվազեցնել, որոնք պարտավոր են անել՝ շինհրապարակները  կարգավորել այնպես, ինչպես որ հարկն է, շինթույլտվությունները բացառել, զանգվածային շինարարությունը և այլն։ Իհարկե, հիմա օդի որակը շատ ավելի վատ է և ավելի կվատանա, որովհետև  եղած խնդիրներին անընդհատ ավելանում են նորերը, եղածը չի   բարելավում, դրա փոխարեն ավելանում է հաջորդ շերտը և ամեն շերտնիր հետ բերում է նոր խնդիրներ։ Եվ մենք էլ ունենալու ենք այդ արդյունքը, իսկ ամենի պատասխանատուն մեր բնակչության առողջությունն է, առավել ևս՝ մեր երեխաների, որովհետև ամենախոցելին  ազգաբնակչության այս խումբն է»,- ասաց Վարդանյանը։ 

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետն այլևս չի ասում, որ Երևանի օդի աղտոտվածությունը լեգենդ է։

«Այսինքն՝ ընդունեցին, որ կա խնդիր և արդեն ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի օդի աղտոտվածության հետ կապված խնդիրներով։ Երևանում մենք այս խնդիրն ունենք ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը։Միանում է նաև Երևանի այդ օդի ինվերսիայի խնդիրը։ Ջեռուցման մեջ օգտագործում են տարատեսակ  վառելիք նյութեր, և մենք ունենք արդեն երկրորդային  բարդությունը, որը միայն խորացնում է օդի աղտոտվածության առկա  խնդիրը»,- նշեց Վարդանյանը։

Մեր դիտարկմանը,թե արդյոք  տեղացած ձյունը չմեղմեց իրավիճակը, Վարդանյանն արձագանքեց․

«Միայն մեկ օր ձյուն եկավ, եղավ ուժեղ քամի և   օդի աերացիան վերականգնվեց, մաքրվեց, բայց քանի որ խնդիրը ինքնին չի լուծվում, մնում է նույնությամբ, դա ուղղակի ժամանակավոր բնույթ է կրում, որից հետո նորից ավելանալու է,   ցուցանիշը՝ բարձրանալու։  Սա մշտական բնույթ է կրում, մի փոքր ավելի, մի փոքր պակաս։ Իսկ թիրախային խմբերը, այսինքն՝ երեխաներ, տարեցներ, մշտապես գտնվում են օդի աղտոտվածության, ազդեցության տակ»։

Ինչպե՞ս եք դուք պատկերացնում այդ խնդրի լուծումը, հարցին ի պատասխան ավագանու անդամն ասաց, որ  տրանսպորտի հարցն է պետք լուծել։

«Մեքենաների այս մեծ քանակը, որն առկա է Երևանում, թե՛ ամռանը, թե՛ ձմռանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ մշտապես ունենալու  ենք՝  պայմանավորված ավտոատրանսպորտի  արտանետումներով։  Մարդիկ ստիպված մեքենաներ են ձեռք բերում, որ կանգառում չկանգնեն, չսառեն, և տասնյակ այլ հարցեր, որոնք որ կապված են հասարակական տրանսպորտի հետ։ Այսինքն՝ ինֆրաստրուկտուրայի վերահսկելու հարցը շատ արագ ճիշտ կարելի է անել, այլ ոչ թե այն ձևով, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Տեսնում ենք, որ ոչ մի բան էլ չի փոփոխվում, նույն խցանումներն են։

Մեր շինհրապարակները ինչպես կահավորված չէին, նույնությամբ կահավորված չեն հիմա, շինարարությունն իրականացվում է օդի պաշտպանության օրենքին հակասող  գործողություններով։  Այսինքն՝ քաղաքապետարանի կողմից վերահսկվող գործողությունները, որոնք որ պետք է արվեն, բացարձակապես չեն արվում։ Արդյունքում՝ տեսնում ենք այն իրավիճակը,որն ունենք այսօր»,- Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder