Հարգելի թաղապետ, դպրոց տանող ճանապարհները սառցապատ են, սառցե լուլաներն էլ կախված են. Ահազանգում են Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները
Հասարակություն
11:26 07/01/2026
Հայաստան

Հարգելի թաղապետ, դպրոց տանող ճանապարհները սառցապատ են, սառցե լուլաներն էլ կախված են. Ահազանգում են Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները

Երևանում մայթերի մեծ մասը պատված են ձյունով ու սառույցով։ Խնդիրն ավելի սրվեց, երբ երեխաները սկսեցին դպրոց հաճախել։ Քաղաքաքապետարանն ու համայնքապետարանները չեն հոգացել երեխայի անվտանգ տեղաշարժն ապահովելու մասին։

«Հարգելի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, դպրոցները բացվել են, իսկ դպրոցների ճանապարհները մերկասառույց, սառույց է։ Քայլելն է նույնիսկ վտանգավոր, երեխաները օրը մի վնասվածքով տուն կգան, չասեմ ծնողների մասին, առանց այն էլ մթով դպրոց են գնում»,-համայնքի բնակիչների խմբում ահազանգել է մի օգտատեր։

Շատերն են արձագանքել խնդրին՝ չմաքրված ճանապարհներից զատ ընդգծելով տանիքներից կախված հսկա սառցե լուլաների, թափառող շների մասին։

«Խնդրում եմ այդ շներին հավաքեն, այսօր առավոտյան ոհմակով հարձակվել էին իմ և երեխայիս վրա 176 դպրոցի մոտ. Միշտ է այդ վիճակը դպրոցի մոտ ուղղակի ահավոր է»,-նշել է մի օգտատեր։

Գրառման ներքո, ըստ երևույթին համայնքապետարանի աշխատակիցներից մեկը, ձյունից չմաքրված ճանապարհների հասցեներ էր խնդրել։

Ի պատասխան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները նշել են.

«Սվաճյան 33, 176 դպրոց։

Օհանովի փողոցից դեպի թիվ 162 դպրոց գնացող ճանապարհն ահավոր վիճակում է։

Սառցե լուլաները Սվաճյանից դեպի 174, 176 դպրոցներ գնացող ճանապարհի վրա են։

181 դպրոց։

Հասցեն ի՞նչ կապ ունի, բոլոր դպրոցների բակերի վիճակը նույն է։ Անգործության եք մատնված,  ո՞ւր ա Ավինյանը։ Չի՞ տեսնում՝ ինչ վիճակ ա մայթերին»։

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանն է։ Նա հաճախ է այցելում վարչական շրջանի մանկապարտեզներ, դպրոցներ, ներկա լինում տարատեսակ միջոցառումներին, ցույց տալիս, որ սիրում է երեխաներին, իսկ ահա երբ բանը հասնում է երեխաների անվտանգ տեղաշարժն ապահովելուն, թերանում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder