Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա չոր տերևները չեն այրում, ինչո՞վ է պայմանավորված օդի աղտոտվածության այս բարձր ցուցանիշը․ Վարդանյան
Երևանում օդի որակի հետ կապված խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնվում է։ Իր էջում Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հրապարակել է տվյալներ՝ կից գրելով․
«Օդի որակը «Շատ անառողջ»։ Աշխատեք քիչ լինել դրսում, առավել ևս երեխաների հետ»։

Panorama.am-ի հետ զրույցում Քրիստինա Վարդանյանը նշեց, որ այժմ օդի որակը նույնքան վատ է, որքան նոյեմբեր ամսին, երբ հայտարարում էին, թե չպետք է այրել չորացած տերևները։
«Վերջին ելույթների մեկի ժամանակ Երևանի քաղաքապետը հայտարարում էր, որ տերևներն այրում են, ինչի հետևանքով օդն աղտոտվում է։ Հիմա չոր տերևները չեն այրում,բա ինչո՞վ է պայմանավորված խնդիրը։ Կառավարվող ռիսկերը պետք է նվազեցնել, որոնք պարտավոր են անել՝ շինհրապարակները կարգավորել այնպես, ինչպես որ հարկն է, շինթույլտվությունները բացառել, զանգվածային շինարարությունը և այլն։ Իհարկե, հիմա օդի որակը շատ ավելի վատ է և ավելի կվատանա, որովհետև եղած խնդիրներին անընդհատ ավելանում են նորերը, եղածը չի բարելավում, դրա փոխարեն ավելանում է հաջորդ շերտը և ամեն շերտնիր հետ բերում է նոր խնդիրներ։ Եվ մենք էլ ունենալու ենք այդ արդյունքը, իսկ ամենի պատասխանատուն մեր բնակչության առողջությունն է, առավել ևս՝ մեր երեխաների, որովհետև ամենախոցելին ազգաբնակչության այս խումբն է»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետն այլևս չի ասում, որ Երևանի օդի աղտոտվածությունը լեգենդ է։
«Այսինքն՝ ընդունեցին, որ կա խնդիր և արդեն ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի օդի աղտոտվածության հետ կապված խնդիրներով։ Երևանում մենք այս խնդիրն ունենք ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը։Միանում է նաև Երևանի այդ օդի ինվերսիայի խնդիրը։ Ջեռուցման մեջ օգտագործում են տարատեսակ վառելիք նյութեր, և մենք ունենք արդեն երկրորդային բարդությունը, որը միայն խորացնում է օդի աղտոտվածության առկա խնդիրը»,- նշեց Վարդանյանը։
Մեր դիտարկմանը,թե արդյոք տեղացած ձյունը չմեղմեց իրավիճակը, Վարդանյանն արձագանքեց․
«Միայն մեկ օր ձյուն եկավ, եղավ ուժեղ քամի և օդի աերացիան վերականգնվեց, մաքրվեց, բայց քանի որ խնդիրը ինքնին չի լուծվում, մնում է նույնությամբ, դա ուղղակի ժամանակավոր բնույթ է կրում, որից հետո նորից ավելանալու է, ցուցանիշը՝ բարձրանալու։ Սա մշտական բնույթ է կրում, մի փոքր ավելի, մի փոքր պակաս։ Իսկ թիրախային խմբերը, այսինքն՝ երեխաներ, տարեցներ, մշտապես գտնվում են օդի աղտոտվածության, ազդեցության տակ»։
Ինչպե՞ս եք դուք պատկերացնում այդ խնդրի լուծումը, հարցին ի պատասխան ավագանու անդամն ասաց, որ տրանսպորտի հարցն է պետք լուծել։
«Մեքենաների այս մեծ քանակը, որն առկա է Երևանում, թե՛ ամռանը, թե՛ ձմռանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ մշտապես ունենալու ենք՝ պայմանավորված ավտոատրանսպորտի արտանետումներով։ Մարդիկ ստիպված մեքենաներ են ձեռք բերում, որ կանգառում չկանգնեն, չսառեն, և տասնյակ այլ հարցեր, որոնք որ կապված են հասարակական տրանսպորտի հետ։ Այսինքն՝ ինֆրաստրուկտուրայի վերահսկելու հարցը շատ արագ ճիշտ կարելի է անել, այլ ոչ թե այն ձևով, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Տեսնում ենք, որ ոչ մի բան էլ չի փոփոխվում, նույն խցանումներն են։
Մեր շինհրապարակները ինչպես կահավորված չէին, նույնությամբ կահավորված չեն հիմա, շինարարությունն իրականացվում է օդի պաշտպանության օրենքին հակասող գործողություններով։ Այսինքն՝ քաղաքապետարանի կողմից վերահսկվող գործողությունները, որոնք որ պետք է արվեն, բացարձակապես չեն արվում։ Արդյունքում՝ տեսնում ենք այն իրավիճակը,որն ունենք այսօր»,- Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց Վարդանյանը։
