Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Էս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարարա չէ, քանի որ «Ա» կետից «Բ» կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին որոշումը և բացատրելով, որ Երևանից Գյումրի կարելի է գնալ մի քանի ճանապարհով։
Փաշինյանը հայտնեց, որ փաստաթուղթը 42 էջից է բաղկացած, որ կրճատելով ստացել են 100-ից ավել էջից։
«Այն ռազմավարությունը որը կարա լինի 15 էջ, չպետք է լինի 16 էջ, այն նախադասությունը որը կարա պարունակի 3 բառ, չպետք է պարունակի 6 բառ»,-կրճատման անհրաժեշտությունը բացատրեց Փաշինյանը և հավելեց.
«Ինչքան ժամանակ ենք կորցնում կարդալու այն փաստաթղթերը, որոնք 2 էջի փոխարեն կարան լինել 6 տող, տեղեկանքները, որտեղ պետք է ընդամենը լինի 3 տող և 3 թիվ, բայց գրվում է 6 էջ 85 թիվ, 72 ֆայլ ու դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանքը»։
Փաշինյանը նշելով, թե չի բացառում որ լինի այնպիսի կարևոր տեղեկանք, որը նույնքան արժեք ունենա ինչ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը և, ըստ նրա, «նման գլուխգործոց տեղեկանքները լինեն նույնքան արժեքավոր»։
Նիկոլ Փաշինայնը «կարճ կապելու» մասին նախաբանից հետո մոտ 1 ժամ զեկուցեց փաստաթուղթը, որում մասնավորապես ավում է.
«2022 թվականից սկսած՝ տարածաշրջանային բախումները, ԵԱՏՄ որոշ երկրների նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները և արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հանգեցրին լրացուցիչ պահանջարկի ձևավորմանը, աշխատուժի միգրացիայի վերակազմավորմանը և ֆինանսական ներհոսքի զգալի աճին։ Այս գործոնները միասին ապահովեցին տնտեսության բարձր տեմպերով աճ և ազգային արժույթի արժևորման միտում։ Նախնական գնահատականով` Հայաստանի տնտեսությունը 2018–2025թթ. ժամանակահատվածում ավելի քան 50 տոկոսի իրական աճ է գրանցել։ Սա երկրի անկախությունից ի վեր արձանագրված ամենաարագ աճի ժամանակաշրջաններից է։ Միաժամանակ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ 2025 թվականին (նախնական գնահատականով) հասնելով 9,433 ԱՄՆ-ի դոլարի սահմանագծին, ինչը Հայաստանի համար միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում ապահովում է դասակարգման նոր կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, այս արագ աճը բացահայտել է տնտեսության կառուցվածքային խոցելիությունները և երկարաժամկետ կայունության կասկածները:
Պահանջարկով պայմանավորված աճ և դրա հետևանքները: Հայաստանի տնտեսության վերջին տարիների դինամիկան մեծապես ձևավորվել է պահանջարկով խթանված աճի ազդեցությամբ։ Դա պայմանավորվել է կապիտալի մեծ ներհոսքով, բնակչության սպառման աճով և եկամուտների կայուն ավելացմամբ։
2022–2024 թվականներին ՀՆԱ-ն տարեկան միջին հաշվով աճել է 8.9%-ով։ Նույն ժամանակահատվածում դրամն արժևորվել է շուրջ 20%-ով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի, ֆինանսական և բարձր արտադրողական աշխատուժի զգալի ներհոսքով, ինչը մեծ մասամբ կլանել է գնաճային ճնշումները։ Թեև պահանջարկով խթանված այս զարգացումները նպաստել են տնտեսական աճին, դրանց կայունությունը երկարաժամկետ տեսանկյունից մնում է անորոշ։ Քանի որ այս աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե արտադրողականության, այլ արտաքին պահանջարկի և կապիտալի ժամանակավոր ներհոսքի գործոններով, ակնհայտ է, որ այն ենթակա է փուլային հավասարակշռման։ Հետևաբար, տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի համաչափ ճշգրտման և «փափուկ վայրէջքի» ապահովմանը։ Լրացուցիչ ռիսկեր կարող են առաջանալ, եթե կապիտալի հոսքերը նվազեն կամ ներգաղթը հետադարձ ընթացք ստանա՝ տնտեսությունը մղելով դանդաղման փուլ...»։