Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ասում էր՝ մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու». 2 որդուն կորցրած մորից վերցրել են շիրմաքարերի համար նախատեսված 12 հազար դոլարն ու խաբել
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց Ալլա Ստեփանյանը, ով ցանկանում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Տիկին Ալլան երկու որդի է կորցրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունից հայերի բռնի տեղահանման վերջին օրերին։ Որդիները հուղարկավորված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Ես ուզեցի, որ սպիտակ մարմարից լինի տղաներիս շիրմաքարերը։ Ինձ ծանոթացրեցին Արման Նահապետյանի հետ, սակայն նա գումարը վերցրել է ու շիրմաքարերը չկան»,- պատմեց տիկին Ալլան։
Նա 2024 թվականին իր մահացած որդու մեքենան վաճառել է, ստացել է 12.000 դոլարը տապանաքար տեղադրելու նպատակով, գումարը տվել է Ա. Նահապետյանին, որը վերցրել է գումարը, սակայն տապանաքարեր չի տեղադրել։
Տիկին Ալլան դիմել է արդարադատության նախարարություն, պատասխանել են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում, դիմեն դատախազություն։
«Ես ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին։ Հունվարի 20-ին նշանակված է դատական նիստը։ Խնդրանքս է, որ այդ նիստը չհետաձգվի։ Ուզում եմ դա վերջինը լինի։ Նիստերն անընդհատ հետաձգվում են, Արման Նահապետյանի հանրային պաշտպանները բոլորը հրաժարվում են գործից։ Երևի ինքն է ասում։ Իսկ Արման Նահատեպտյանն իր համար ազատ ման է գալիս։ Նա սրբապիղծ, փողի մեռած անձնավորություն է»,- ասաց նա։
Տիկին Ալլան նշեց, որ եթե հունվարի 20-ին դատական նիստը հետաձգվի, նստացույց կանի։
Զոհված տղաների տատիկը հուզված ասաց. «Ոչ մի պատիժ չեմ ուզում, միայն մեր գումարը վերադարձնեն մեզ։ Մենք մեր հայրենիքի համար ամենաթանկերին ենք կորցրել։ Ասում էի՝ Սամվել գնանք Ռուսաստան, ասում էր՝ ոնց թողնենք մեր Ղարաբաղը, գնանք։ Մեր Ղարաբաղից լավ տեղ չի լինելու, տատի։ Իմ երեխաները մնացին ու մինչև վերջ պաշտպանեցին իրենց հայրենիքը, որ այսօր իրենց մամային նման վերաբերմունք ցո՞ւյց տան։
Ինքը կորցրել է իր թանկերին, տուն է կորցրել, հայրենիք է կորցրել»,- ասաց տղաների տատիկը։
