Դեղատներից ո՞ւր է կորել արտասահմանյան արտադրության կոլխիցինը, ե՞րբ կհասնի հիվանդներին հաջորդ խմբաքանակը
Առողջություն
10:56 08/01/2026
Հայաստան

Դեղատներից ո՞ւր է կորել արտասահմանյան արտադրության կոլխիցինը, ե՞րբ կհասնի հիվանդներին հաջորդ խմբաքանակը

Հայաստանում վերջին ամիսներին քաղաքացիները հայաստանյան դեղատներում մեծ դժվարությամբ էին գտնում «Կոլխիցին» դեղը, իսկ անցած օրերին ընդհանրապես անհրաժեշտ դեղամիջոցը չեն կարողանում գտնել։

Շուկայից անհետացել է անգլիական, ֆրանսիական և իտալական արտադրության «Կոլխիցին»-ը,  հիվանդները ստիպված օգտվում են հայկական արտադրության դեղից, որի ազդեցությունից, մեղմ ասած, դժգոհ են։
 

«Կոլխիցին»-ը հակաբորբոքային դեղամիջոց է, որը կիրառվում է հիմնականում պոդագրայի (հոդատապի) սուր նոպաների բուժման և կանխարգելման, ընտանեկան միջերկրածովյան տենդի և պարբերականա հիվանդության դեպքում։ Դեղամիջոցն այս հիվանդությունների բուժման հիմնական միջոց է համարվում։ Այն նվազեցնում է բորբոքային գործընթացը՝ ազդելով իմունային համակարգի բորբոքային ակտիվության վրա, ինչի շնորհիվ կիրառվում է նաև որոշ աուտոիմուն և բորբոքային հիվանդությունների, այդ թվում՝ պերիկարդիտի և Բեհչետի հիվանդության որոշ դրսևորումների բուժման մեջ։ Դեղը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ սխալ դոզավորման դեպքում կարող է առաջացնել կողմնակի լուրջ ազդեցություններ։

Մոնա Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց՝  երկար տարիներ խմել է հայկական արտադրության դեղը, սակայն երիկամներում սպիտակուցի առկայության պատճառով արդյունք չի տեսել։

«Հայկականը ստանում եմ անվճար, բայց արդեն մեկ տարի օգտագործում  եմ անգլիականը, և իմ անալիզների պատասխանները լավ են։ Վերջին մեկ տարում խնդիր եմ ունեցել այս դեղի հայթայթման հետ կապված։ Ներկրված դեղերը հաճախ սպառվում են, և մեկ տուփի գինը հասնում է 14.000 դրամի»,- մանրամասնեց նա։

Խաչատրյանը նաև նշեց, որ փորձեր են եղել դեղեր բերել Բելգիայից, Իտալիայից և Իսպանիայից, սակայն շուկան սահմանափակ է, և արտասահմանյան արտադրանքը դժվար հասանելի:

«Ֆրանսիան, Անգլիան հաճախ արտադրությունը նվազեցնում են, փոխարենը մեծ մասշտաբով արտադրում են այն երկրներում, որտեղ հիվանդություն ունեցող անձիք շատ են՝ օրինակ, հայեր, վրացիներ, թուրքեր, հրեա և արաբ ազգերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեկ այլ քաղաքացի, չցանկանալով ներկայանալ, նշեց, որ ստիպված է եղել օգտագործել հայկական արտադրությունը, քանի որ իտալական և անգլիական դեղերը շուտ սպառվել են, իսկ գինը բարձր է։

«Հայկականի 1 հաբը 45 դրամ է, իսկ անգլիականը՝ 200 դրամ։ Նախկինում ինձ խորհուրդ էին տվել անգլիականը կամ ֆրանսիականը, հայկականը՝ ոչ»,- ասաց նա։

Մրցակցության և սպառողներիպաշտպանության հանձնաժողովը 2025 թ. հուլիսի 10-ին ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանում «Կոլխիցին» դեղամիջոցը հասանելի է եղել տարբեր արտադրողներից՝ հայկական «Արփիմեդ» ՍՊԸ (1 մգ, 96 դեղահաբ, 4 100–4 600 դրամ), իտալական/գերմանական (1 մգ, 60 դեղահաբ, 7 980–9 050 դրամ) և Մեծ Բրիտանիայի (0.5 մգ, 100 դեղահաբ, 6 730–7 150 դրամ) արտադրության տարբերակներով, մինչդեռ ֆրանսիական «Կոլխիցին Օպոկալցիում» (1 մգ, 20 դեղահաբ, վերջին միջին գին՝ 2 000 դրամ) ներկայում շուկայում բացակայում է։ Այսպիսով՝ անգլիական արտադրության «Կոլխիցին»-ը նախորդ տարի արժեցել է  730–7 150 դրամ, այժմ առկայության դեպքում դրա գինը շուրջ 14 հազար դրամ է։ 

Դեղերի բացակայության խնդիրը շատ խորն է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կանոնակարգային խոչընդոտների պատճառով շատ դեղերը չեն կարողանում ներմուծվել, անգամ եթե արտադրողը պատրաստ է դրանք բերել Հայաստան։ Վերջին տարիներին, ըստ Խաչատրյանի, նույն վիճակը նկատվում է ոչ միայն «Կոլխիցին»-ի, այլ նաև բազմաթիվ այլ դեղերի դեպքում, ինչը պետության խնդիրն է։

Հիվանդները հաճախ ստիպված են դեղորայք գնել հարևան երկրներից՝ Վրաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից, ինչը զգալի բարդություններ է առաջացնում։

«Եթե չեմ սխալվում, բացի հայկականից և ֆրանսիականից, մնացածը գրանցված չեն,  գրանցված տարբերակը հայկականն է, ֆրանսիականը՝ դեֆիցիտ է, ուղղակի չկա, չեն ներմուծում», - ասաց Խաչատրյանը։

Մասնագետը բացատրեց՝  հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում ընդունված չէ ԵԱՏՄ շուկայում գրանցված դեղերի բոլոր անվանումների ճանաչումը։

«ԵԱՏՄ կանոնակարգով գրանցված դեղերի մեծ մասը Հայաստանում ճանաչված չէ, և արտադրողները փոքր շուկայի պատճառով չեն բերում դրանք։ Հայաստանն ունի մոտ 2 միլիոնանոց շուկա, ինչը խոչընդոտ է ներկրման ծախսերի համար։ Հայաստանի դեղերի շուկան փոքր է, և երկրի համար անհրաժեշտ է մոտ 8–9 հազար անվանում դեղ՝ հիվանդությունների մեծ մասի ապահովման համար։ Սակայն իրականում Հայաստանում գրանցված է ընդամենը 3 500–3 600 անվանում»,- նշեց նա։

Ասոցիացիայի նախագահն ընդգծեց՝ չնայած հիվանդների դժոհություններին, հայկական արտադրության «Կոլխիցին»-ը հավելյալ փորձաքննության չի ենթարկվել։

Արտասահմանյան արտադրության «Կոլխիցին»-ի  բացակայության պատճառների մասին  Panorama.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից։ 

«Պետությունը անվճար ապահովում է մեր քաղաքացիներին հայկական արտադրության «Կոլխիցին» դեղով: Շուկայից էլ հետաքրքրվեցինք, որ այլ երկրի արտադրության  առկա չէ այս պահին, բայց նաև հարկ ենք համարում նշել, որ առկա է հայկական արտադրության կոլխիցին դեղը: Կապ ենք հաստատել նաև ներկրողների հետ, այլ երկրի կոլխիցին շուկայում առկայության վերաբերյալ տեղեկանալու համար, պարզվեց , որ դեղը տոն օրերին սպառվել է։ Դեղորայքի հաջորդ ներկրումը կլինի հունվարի 9-ին` մեծ քանակով»,- պարզաբանեցին նախարարությունից՝ չմանրամասնելով, թե որ երկրում արտադրված դեղորայքի մասին է խոսքը։

Մնում է հուսալ, որ պետական մարմիններն աչալրջորեն կհետևեն, որպեսզի ներկրողը չօգտվի առկա մեծ պահանջարկից ու չբարձրացնի առանց այդ էլ վերջին օրերին թանկացած դեղի գինը։

Հեղինակ՝ Անժելա Պողոսյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեղատներից ո՞ւր է կորել արտասահմանյան արտադրության կոլխիցինը, ե՞րբ կհասնի հիվանդներին հաջորդ խմբաքանակը