Եթե նույնիսկ մի քանի տասնյակ երեխա է տուժելու, ավելի լավ է հետ կանգնենք այդ որոշումից. Փորձագետների ահազանգը
Իրավունք
17:15 09/01/2026
Հայաստան

Եթե նույնիսկ մի քանի տասնյակ երեխա է տուժելու, ավելի լավ է հետ կանգնենք այդ որոշումից. Փորձագետների ահազանգը

ԿԳՄՍ նախարարությունը փորձել է ծնողներին «հոգեբանական ճնշման» միջոցով ստիպել ժամանակին դպրոց ուղարկել երեխաներին, սակայն կարճաժամկետ փուլում ստեղծել է փակուղային իրավիճակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի որոշմանը։ 

Հիշեցնենք՝ խոսքը վերջին տարիներին կիրառվող քաղաքականության մասին է, ըստ որի՝ երեխային դպրոց ընդունելիս նա ընդգրկվում է իր տարիքին համապատասխան դասարանում՝ անկախ նրանից՝ նախորդ դասարաններում սովորե՞լ է, թե՞ ոչ։ Այսպես, օրինակ, եթե երեխան առաջին անգամ դպրոց է գնում 7 տարեկանում, նա անմիջապես ընդգրկվում է երկրորդ դասարանում։

Հենց սա էլ խնդրահարույց է համարել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա որոշում է կայացրել 2025–2026 ուսումնական տարում հանրակրթության մեջ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ։ Պաշտպանին այս հարցով հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, իսկ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ երեխաները բախվում են կրթական, հոգեբանական և սոցիալական լուրջ խնդիրների։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԿԳՄՍ նախարարությանը առաջարկել է վերանայել գործող մոտեցումները, կատարելագործել օրենսդրական դաշտը և ապահովել անհատական, երեխայակենտրոն կրթական միջավայր։

Կրթության փորձագետի կարծիքով՝ այս մեխանիզմը իրական դպրոցական կյանքում դառնում է դաժան բեռ:

«Այդ հեքիաթները, որ պատմում են, որ անհատական մոտեցում կցուցաբերվի երեխային, ուսուցչի օգնական և այլն… բոլորս էլ գիտենք, որ այդպիսի բաները մեր դպրոցներում չեն աշխատի, որովհետև հիմա Հայաստանում ինչ լինում է, գցում են ուսուցչի օգնականների վրա։ Ուսուցչի օգնականը չի կարող այդ երեխային այնպես օգնել, որ ինքը մի տարի կորցրած ծրագիրը վերականգնի։ Դա տրամաբանորեն էլ բան չի»,- նշեց փորձագետը:

Խաչատրյանն ընդգծում է, որ երեխաները, որոնք միանգամից նստում են երկրորդ դասարան, արդեն լրջագույն պրոբլեմների առջև են կանգնում։ «Մանկավարժական տեսանկյունից նախարարության այս որոշումը անիրագործելի է, չի կարող սովորական երեխան միանգամից երկու դասարանի ծրագիր յուրացնել, քանի օգնական ուզեք կցեք։ Դա ժամանակային խնդիր է, եթե անգամ 10 օգնական էլ աշխատի այդ երեխայի հետ՝ էլի խնդիր է լինելու»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ լավագույն լուծումն այս որոշման չեղարկումը կլինի։ 

ԿԳՄՍ նախարարությունը այս մոտեցումը հիմնավորում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրով․ որոշ ծնողներ տարբեր պատճառներով՝ սկսած երեխային ուսումնական գործընթացին դեռ պատրաստ չհամարելուց մինչև կոնկրետ դասվարի ընտրությունը, իրենց երեխային դպրոց են տանում ավելի ուշ։ Արդյունքում նախարարությունը որպես լուծում ներդրել է այս մեխանիզմը։ Կրթության փորձագետի խոսքով՝ այս մոտեցումն այժմ չի կարող ճօշտ արդյունք տալ։ 

 «Այս որոշումը մի չորս-հինգ տարի հետո կարող է աշխատել, բայց եթե նույնիսկ մի քանի տասնյակ երեխա այստեղ տուժելու է, ավելի լավ է մենք հետ կանգնենք այս որոշումից։ Ավելի լավ է երեխա մի տարի ուշ դպրոց գնա, բայց նորմալ 12 տարին սովորի, քան այս ձևով։ Այս տարբերակը ուղղակի հակամանկավարժական տարբերակ է»:

Մանկական հոգեբան Սաթենիկ Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ միանգամից երկրորդ դասարան ընդգրկվելը հոգեբանական և կրթական տեսանկյունից հիմնավորված չէ․

«Մենք հաշվի չենք առնում, որ երեխան այս դեպքում արդեն մեկ կամ երկու տարի բացթողում ունի, որը լրացնելը չափազանց բարդ է։ Գիտելիքի տեսանկյունից այդ երեխաներին տանել դպրոց և ծանրաբեռնել՝ մեկ տարվա նյութը սովորեցնելու համար, բացարձակ նպատակահարմար չէ»,- նշեց հոգեբանը։

Բացառություններ կան, եթե երեխան գնահատվում է գիտելիքի տեսակով, բայց, ըստ մասնագետի, հիմնական դեպքերում սա չի կարող դրական անդրադառնալ երեխայի վրա։ 

«Երեխան գնում է արդեն կազմավորված դասարան, պետք է հարմարվի։  Այսպես թե այնպես ունենալու է ուսումնական դժվարություններ, առանձնանալու է դասարանից կրթական աստիճանով։ Ադապտացիան բավականին բարդ է լինելու, որովհետև ինքն արդեն գնալու է կազմավորված դասարան, հա, որտեղ երեխեքը իրար ճանաչում են, միանգամից շատ պահանջներ են լինելու իր նկատմամբ, այսինքն բացասական կողմերը միանշանակ գերակշռում են»,- նշեց հոգեբանը։  

Panorama.am-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն նախարարությունից հայտնեցին, որ հայտարարություն  են պատրաստվում տարածել։ 

Ինչ վերաբերում է հստակ թվերին, թե որքան երեխա է այժմ այս պայմաններով սովորում դպրոցներում, հորդորեցին հարցում ուղարկել։ 

Ինչպես կարձագանքի նախարարությունը ՄԻՊ որոշմանը, կտեսնենք առաջիկայում, բայց Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խախտումները, մասնագետների գնահատականներն ու ծնողների բողոքները փաստում են, որ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե ձևական ուղղումներ, այլ քաղաքական կամք և պատասխանատվություն՝ հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքներին և կրթական կյանքի մեկնարկին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder