Մարդ/վարչական իրավախախտման արձանագրություն՝ խայտառակ թվեր են. Ավինյանը դժգոհում է, որ վարչական տուգանքներ չեն նշանակվում
Հասարակություն
11:00 12/01/2026
Հայաստան

Մարդ/վարչական իրավախախտման արձանագրություն՝ խայտառակ թվեր են. Ավինյանը դժգոհում է, որ վարչական տուգանքներ չեն նշանակվում

«Պետք է խոսեմ, թե ինչն է կատարվել վատ։ Ցավոք սրտի, վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ՝ մի քանի պատճառներով»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ նա դրական գնահատեց քաղաքապետարանի փողոցների մաքրմամբ զբաղվող ԵԱՍՄ-ի աշխատանքից՝ ասելով, որ առաջնային և երկրորդային ճանապարհներն  գրեթե խնդիրներ չեն ունեցել և աշխատանքը տարվել է 24/7 ռեժիմով։

Ըստ Ավինյանի՝ վարչական շրջանի ղեկավարները բավարար չափով ջանք չեն գործադրել, որպեսզի տնտեսվարողները տեղեկացված լինեն, որ պետք է  մաքրեն իրենց օբյեկտների դիմացի հատվածները։

«Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև մենք ունենք վարչական շրջաններ, որոնք բացարձակ որևէ վարչական տուգանք այս հոդվածով չեն գրել այս շրջանում։ Դրանք 4-5-ն են և դրան չկա բացատրություն։ Երկու օր առաջ եղբորս հետ դուս եմ գալիս իրենց շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը և ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք։ Այսինքը էդ մարդը չգիտի, որ դա պարտավոր է անել՝ ավագանու որոշմամաբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածք, բիզնես, իրենք պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցեն, պարտավոր են նաև համատիրությունները»,-ասաց Տիգրան Ավինյանը և հայտարարեց, թե տուգանքներ չնշանակած վարչական շրջանները պետք է բացատրեն, թե ինչու չեն արել։

 Նրա խոսքով՝ հունվարի 1-3-ը վարչական շրջաններում կան աշխատակիցներ, որոնք պետք է ձյունը մաքրեին, բայց այդ օրերին տանը տոն են նշել։

«300 հոգի վարչական իրավախախտումներ արձանագրող կա վարչական շրջաններում, բայց քաղաքապետարանի մեկ հասարակական կարգի պահպանողը տասնյակ անգամ ավելի վարչական տուգանքներ է սահմանում, քան վարչական շրջանների համապատասխան աշխատողները։ 

«Մարդ/վարչական իրավախախտման արձանագրություն խայտառակ թվեր են դուրս գալիս, այդտեղ ունենք լուրջ փոփոխութունների կարիք, որը շուտով կքննարկենք։ Անհամադրելի քանակ է։ Մեկ հասարակական կարգի աշխատակիցը միջինացված տասնյակ անգամներով ավել իրավախախտումներ է արձանագրում, քան մեր վարչական շրջանի համապատասխան աշխատակիցը։ Լավամարդ դուրս գալը լավ բան չէ»,-ասաց Ավինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder