Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանում հուղարկավորությունները վերածվում են պրոիշխանական ցույցերի. Ռոբերտ Բեգլարյան
Իրանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերի և բախումների պայմաններում կապը հայ համայնքի հետ գրեթե ամբողջությամբ խզվել է։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ նշելով, որ իրավիճակի վերաբերյալ ամբողջական ու հաստատված տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է։
«Անկեղծ ասած՝ դուք էլ գիտեք, արդեն մոտ չորս օր է՝ գրեթե ոչ մի կապ չկա։ Տեղեկությունները մեզ հասնում են ցաքուցրիվ՝ որոշ տելեգրամյան ալիքներից, որոնք կամ իշխանամետ են, կամ իշխանությանը մոտ լրատվամիջոցներ։ Բայց ընդհանուր առմամբ տեղեկությունները նույնն են՝ ցույցեր, լարվածություն»,- ասաց Բեգլարյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ իրանահայ համայնքից ստացվող տեղեկությունները չափազանց քիչ են։
«Հայ համայնքից նորություններ գրեթե չկան, բացի այն, որ իմացանք՝ մեկ զոհ ենք ունեցել և, եթե չեմ սխալվում, երեք վիրավոր։ Այս առավոտ Ամերիկայից մեկ անձի միջոցով լսեցի, որ կարծես ևս մեկ կին է զոհվել, բայց որքանով է դա իրականություն, չեմ կարողացել ճշտել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ վերջին մեկ-երկու օրերին փողոցային իրավիճակը փոխվել է, և ցույցերի մեջ ներգրավվել են նաև իշխանության կողմնակիցները.
«Երեկ գիշերվանից և այսօր արդեն նկատվում է, որ իշխանության կողմնակիցների կողմից նույնպես ցույցեր են անցկացվում։ Կարծես թե բախումների հիմնական փուլն ավարտվել է։ Կապի միջոցներ գրեթե չկան։ Ինչքան որ ես հենց նոր մեկ ուրիշ մարդուց ճշտեցի, որը սահմանից անցել էր, կարծում եմ՝ Իրանում ներքին բջջային կապը գրեթե ամբողջությամբ խափանված է։ Միայն քաղաքային ֆիքսված հեռախոսագծերն են աշխատում»։
Բեգլարյանը հիշեցրեց, իշխանությունները վերջին երկու գիշերն ամբողջությամբ խափանել են նաև ինտերնետը՝ փորձելով հստակ վերահսկելի դարձնել ցույցերն ու ընդհանուր իրավիճակը։
Ինչ վերաբերում է արտաքին միջամտության մասին վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող հայտարարություններին, ապա նախկին պատգամավորն ասաց.
«Հնչեցին հայտարարություններ Ամերիկայի, Իսրայելի կողմից, թե Իրանում կան կազմակերպված մարդիկ, գործակալներ, և զուգահեռ եղան նշաններ, որ դրանք իրականություն են։ Դրանից հետո իշխանությունը գործի անցավ՝ բավականին մարդկանց ձերբակալեց, զենք ու զինամթերք բռնագրավեց»։
Նա նաև նշեց, որ տվյալներ կան մեծ թվով զոհերի մասին իշխանության ուժային կառույցների շարքերում։
«Ես տեսա տեղեկություն, որ իշխանությունը հայտարարել է՝ մոտ 130 զինվորական և ոստիկան է զոհվել։ Սա արդեն հիմք է հանդիսանում, որ ավելի խիստ միջոցների դիմեն։ Մեծամասամբ իրենց լրատվամիջոցներով հաղորդվող տեղեկությունները նրա մասին են, թե որքան զոհեր կան, որքան մզկիթներ, հիվանդանոցներ են հրկիզվել, պետական կառավարական շենքեր են թալանվել»-, ասաց նա։
Իշխանամետ զանգվածների ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրում։
«Այն տեսանյութերը, որ ես տեսել եմ, ցույց են տալիս, որ նրանք լոզունգներով են հանդես գալիս, բախումներ չեն նկատվում, որովհետև ընդդիմադիր զանգվածը կամ արդեն չեզոքացվել է, կամ փողոցներում վերահսկողությունն ամբողջությամբ ուժեղացված է»,-ասաց նա։
Ռոբերտ Բեգլարյանի խոսքով, Իրանում զոհվածների հուղարկավորությունները վերածվում են իշխանությանը պաշտպանող հավաքների. «Ոստիկանների, զինվորականների, նույնիսկ կանանց ու երեխաների հուղարկավորությունները ինքնին վերածվում են իշխանությանը պաշտպանող ցույցերի։ Սա Իրանում իսլամական, կրոնական և քաղաքական ընդունված պրակտիկա է, որը դեռ հեղափոխության տարիներից կիրառվել է»։
Նրա համոզմամբ՝ արտաքին միջամտության և տարածքային ամբողջականության սպառնալիքի թեման լրջորեն ազդում է իրանցիների տրամադրությունների վրա։
«Եթե փորձենք անաչառ լինել, արտաքին միջամտության և Իրանի
տարածքային ամբողջականության սպառնալիքը խաղադաշտը փոխում են։ Շատ մարդիկ, որոնք գուցե բողոքում էին, հիմա սկսում են վարանել, որովհետև երկրի կայունությունը բոլորի համար կարևոր է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց, որ իրանցիների փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում անվտանգությունն այսօր «թանկ ապրանք» է. «Տնտեսական կամ քաղաքական պահանջները հասկանալի են, բայց անվտանգությունը Իրանում շատ բարձր արժեք է, և դա նույնիսկ հոգեբանորեն ազդում է ժողովրդի վրա»։
Խոսելով տարածաշրջանայինհնարավոր հետևանքների մասին՝ Բեգլարյանը նշեց, որ իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։
«Ըստ որոշ տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառության շուրջ 30 տոկոսը կապված է Իրանի հետ։ Եթե այս ամենը խորանա, հնարավոր են լուրջ սահմանափակումներ և դադարներ»,- մանրամասնեց նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Իրանի հնարավոր ապակայունացումը կարող է բերել լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների. «Եթե Իրանը գնա տրոհման կամ անջատողական շարժումների ճանապարհով, դա ամբողջ տարածաշրջանի համար լուրջ ցնցում կլինի»։
Ամփոփելով Բեգլարյանն ընդգծեց, որ Իրանում հեղափոխության փորձ ունեցող սերունդը խիստ զգուշավոր է. «Նրանք ասում են՝ ով գիտի, թե հեղափոխությունն իրականում ինչ է, այդքան հեշտ չի ցանկանա, որ Իրանը նորից հեղափոխություն տեսնի իր կյանքում»։
Հիշեցնենք՝ Իրանում ցույցերը սկսել էին դեկտեմբերի 28-ից ու շարունակվում են մինչ օրս։ Բողոքի առիթը իրանական ռիալի արժեզրկումն ու ապրանքների կտրուկ թանկացումն էր։