Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բազմահազար հանդիսականների համար կազմակերպված համերգների անտեսանելի կողմը. Պրոդյուսեր Լիլիթ Գալստյանի աշխատանքը
Բազմահազար հանդիսականների համար համերգ կազմակերպելը մշակութային ոլորտի ամենաբարդ և պատասխանատու խնդիրներից մեկն է։ Դա ոչ միայն արվեստի, այլև կառավարման, անվտանգության և համակարգված աշխատանքի բարձրագույն դրսևորում է։ Պրոդյուսեր Լիլիթ Գալստյանն այս ոլորտում առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով:
Տարիների ընթացքում Լիլիթ Գալստյանը կազմակերպել է հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած համերգներ և այլ միջոցառումներ, որոնք միավորել են հազարավոր մարդկանց։ Հատկապես նշանակալի է նրա դերը հայտնի ռեփեր Սուպեր Սաքոյի երեք խոշոր համերգների կազմակերպման գործում Հայաստանում, ինչպես նաև Սարոյի և երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի համերգները հազարավոր մարդկանց համար։ Այդ միջոցառումները պահանջել են ամիսների ջանք և հստակ համակարգված աշխատանք՝ սկսած ստեղծագործական գաղափարից մինչև տեխնիկական լուծումներ ու անվտանգության ապահովում։

Օրինակ բացօթյա համերգը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ, սկսվում է օրենքով սահմանված կարգով քաղաքապետարանից թույլտվություն ստանալով, ոստիկանության, շտապօգնության և հրշեջների հետ կապ հաստատելով՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։ Երգչի հետ համատեղ Լիլիթ Գալստյանն է որոշում, թե քանի արտիստ պետք է լինի բեմում, ինչպես պետք է կառուցվի ծրագիրը, ինչ հերթականությամբ և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա համերգային շոուն։ Նրան է վստահված նաև կամավորների հետ աշխատանքը, հոսքերի ճիշտ կառավարումը և հանդիսատեսի անվտանգ տեղաշարժի կազմակերպումը։
Բացի համերգների կազմակերպումից, Լիլիթ Գալստյանը ակտիվորեն զբաղվում է նաև տեսահոլովակների պրոդյուսինգով՝ իրականացնելով տեսահոլովակների արտադրության ամբողջական գործընթացը։ Նա է դիմում և ստանում թույլտվություն նկարահանումներ կատարելու հանրային կամ վերահսկվող տարածքներում, համակարգում է նկարահանող խմբի և տեսահոլովակի արտադրությանը մասնակցող բոլոր արտիստների աշխատանքը, վերահսկում է դրանց սահուն ընթացքը և ապահովում տեղում առաջացող տարբեր խնդիրների լուծումները։ Լիլիթ Գալստյանի պրոդյուսերությամբ նկարահանված վերջին տեսահոլովակների շարքում են Սարո Թովմասյանի «Սուզաննա» երգը, որը թողարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, և Սուպեր Սաքոյի, Արկադի Դումիկյանի և ալբանացի հանրահայտ երգիչ Մանդի Նիշտուլլայի համատեղ «Էլի լավ էլի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը Սուպեր Սաքոն տեղադրել է իր Յութուբ ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, և որն այսօր ունի ավելի քան 1.5 միլիոն դիտում:
Պրոդյուսերի պատասխանատվությունը տարածվում է նաև արտիստների լոգիստիկայի վրա։ Չվերթների և հյուրանոցների տեղավորման կազմակերպումը, ճշգրիտ պլանավորումը, ստեղծագործական և տեխնիկական թիմերի համաժամանակյա աշխատանքը՝ այս ամենը պահանջում է բացառիկ ստեղծագործական և կազմակերպչական հմտություններ, սառնասրտություն և մեծ փորձառություն։
Մինչ համերգը կհասնի հազարավոր հանդիսատեսի, կատարվում է հսկայական աշխատանք, որը հաճախ մնում է կադրից դուրս։ Եվ այդ անտեսանելի, բայց պատասխանատու ճանապարհի սկզբից մինչև վերջ կանգնած է Լիլիթ Գալստյանը՝ փոքրիկ մարմնով, բայց գերազանց աշխատանք կատարող աղջիկը, ով իր նվիրվածությամբ և յուրահատուկ մասնագիտական մոտեցմամբ ստեղծում է բարձրորակ, շքեղ և անվտանգ մշակութային միջոցառումներ։
Ա. Վարդանյան