Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մինչև 4 տարեկան երեխաների մահվան դեպքերն ավելացել են 11.1 տոկոսով
Անցած տավա հունվար-նոյեմբեր ամիսներին 1524-ով ավելի քիչ ծնունդ է գրանցվել քան 2024-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին Panoarama.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեից։ Այսպես, 2024-ի 11 ամիսների ընթացքում ծնվել է 30 861 երեխա, իսկ 2025-ի նույն ժամանակահատվածում՝ 29 337 երեխա։ Ծնունդների նվազումը կազմել է 4.9 տոկոս։
11 ամսվա կտրվածքով 2024-ի համեմատ զգալիորեն՝ 13 տոկոսով նվազել են մեռելածնության դեպքերը։ Եթե 2024-ի հունվար-նոյեմբերին գրանցվել էր նման 414 դեպք, ապա 2025-ին նույն ժամանակահատվածում գրանցվել է 360 դեպք։ 2025-ի 11 ամիսների ընթացքում 0.6 տոկոսվ նվազել են մահվան դեպքերը։ Եթե 2024-ի 11 ամիսներին գրանցվել է 23 250 մահ, ապա անցած տարվա 11-ին ամիսներին՝ 23 109։
2025-ի հունվար-նոյեբերին 8 տոկոսով ավելացել են մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ հասնելով 207-ի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 191-ի փոխարեն։ 11.1 տոկոսով ավելացել են մինչև 4 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ կազմելով 251 դեպք 2024-ի 226-ի համեմատ։
Բնական հավելաճը 2024-ի համեմատ նվազել է մոտ 18 տոկոսով՝ կազմելով 6 228 մարդ։
2024-ի հունվար-նոյեմբերի համեմատ զգալիորեն՝ 11.5 տոկոսով նվազել են ամուսնությունները, 2025-ի 11 ամիսներին գրանցվել է 12 672 ամուսնություն, 2024-ի նույն ժամանակահատվածի 14 315 ամուսնության դիմաց։
Ի տարբերություն ամուսնությունների, 3.3 տոկոսով ավելացել են ամուսնալուծությունները։ Անցած տարվա 11 ամիսներին գրանցվել է 4 419 ամուսնալուծություն։ Հանրապետությունում 2025թ. հունվար-նոյեմբերին գրանցված 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 349 դեպք` 2024թ. հունվար-նոյեմբերին արձանագրված 299-ի համեմատ:
Ավելի վաղ Panorama.am-ը դիմել էր առողջապահության նախարարություն՝ հարցնելով, թե ինչո՞վ է պայմանավորված երեխաների շրջանումմահվան դեպքերի աճը։ Նախարարությունից հստակ պատասխան չէին տվել.
«Բնակչության մահացության տեղեկատվությունը պաշտոնապես վարվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրվող մահվան վկայականների հիման վրա։ Մահացության վերաբերյալ տվյալներն ըստ պատճառների պաշտոնապես տրամադրվում են տարեկան կտրվածքով։ 2025 թ. տվյալները դեռևս հասանելի չեն։ ԱՆ-ից միաժամանակ հայտնեցին. «Յուրաքանչյուր երեխայի մահվան դեպք գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ուղղված կանխարգելմանը»։