ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներին վիզա չտրամադրելու մասին
Օրվա թեմա
15:45 14/01/2026
Հայաստան

ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներին վիզա չտրամադրելու մասին

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»,- Panorama.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ ի պատասխան հարցման՝ արդյո՞ք նախարարությունը կդիմի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն՝ պարզաբանում ստանալու համար, քանի որ դեսպանությունը սահմանված ժամկետներում մուտքի վիզաներ չի տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցին  և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգին, ինչի պատճառով էլ նրանք չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը։

Նախարարությունից նշեցին, որ  ֆեդերացիաների կողմից համապատասխան գրություն ստանալու պարագայում այն դիտարկում են  և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջնորդություն ներկայացնում Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությանը՝  մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու նպատակով`անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև արագացված ընթացակարգ:

ԿԳՄՍ հաղորդմամբ, նախկինում՝ 2025թ, 2024թ. և 2023թ –ին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման գրություններ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ֆեդերացիայից ավելի վաղ հայտնել էին, որ չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից. «Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։

Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան անում է ամեն ինչ նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մեր մարզիկների իրավունքները պաշտպանելու համար»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder