Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայր Ասողիկը հարցաքննվել է միայն վկայի կարգավիճակով, կասկածանքի շուրջ հարցադրումներ չեն եղել. փաստաբան
Մայր Աթոռի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի հարցաքննությունը ՔԿ-ում տևել է շուրջ 6 ժամ։ Նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ Հայր Ասողիկն այս պահին վկայի կարգավիճակում է, կասկածանքի շուրջ հարցադրումներ չեն եղել։
«Նոր բան չկա, արդեն յոթ և ավելի տարի է, որ Հայր Ասողիկի հետ կապված գործ կա, ուղղակի հիմա հարցաքննություն էր, քննչական գործողություն էր, վերաբերում է Սուրբ Գեղարդի վնասված լինելուն և մյուս պատմամշակութային արժեքների կորստին։ Դրանք հերյուրանքներ են, արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են», - նշեց փաստաբանը։
Ըստ նրա, այս դեպքը իրականում «արթնացավ», որովհետև սկսվեց նոր արշավ, ՔՊ կուսակցության անդամների կողմից գեներացված, մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում. «Ըստ երևույթին, դրա հետ կապված ավելի ակտիվացան հարցադրումները»։
Փաստաբանը հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում առ այսօր։
«Էլի ինչ-որ դրվագներ կան, որոնք միացվել են։ Ամբողջը, իհարկե, հերյուրանքի վրա է։ Դա նմուշներին է վերաբերում, դրանք այն ինֆորմացիան են, որ նախաքննական գաղտնիքով որևէ կերպ սահմանափակված չի կարող լինել, որովհետև բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում, լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է՝ իբր թե Մայր Աթոռից ինչ-որ պատմամշակութային արժեքների կորուստներ են եղել։ Օրինակ, 16-րդ դարի Աստվածաշունչ, որը գոյություն չունի, որովհետև 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չենք ունեցել»,- ասաց Մ.Ֆարմանյանը։
Փաստաբանը մանրամասնեց, բացի Սուրբ Գեղարդի դրվագից, կա նաև Աստվածաշնչի կորստին վերաբերող դրվագ. «Մենք բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում այդ հերյուրանքներին հանդիպել ենք։ Սա նորություն չէ, նոր գործ չէ, այսպես ասած, քննությանը հետաքրքրող նոր հանգամանքներ չեն։ Պարզապես այդ մառազմը, որ նորից դրվել է շրջապտույտի մեջ որոշակի պաշտոնատար անձանց կողմից և գեներացվում է տեսանյութերի միջոցով, դրանցում մատնանշվող հանգամանքները Քննչական կոմիտեի կողմից ստուգման ենթակա են»,-ասաց Ֆարմանյանը։