Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ գյուղին սպառնում է ամբողջական գործարանացում, հանքացում․ Դուլգարյան
Տնտեսություն
19:42 14/01/2026
Հայաստան

Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ գյուղին սպառնում է ամբողջական գործարանացում, հանքացում․ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․

«ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ գյուղին սպառնում է ամբողջական ԳՈՐԾԱՐԱՆԱՑՈՒՄ/ՀԱՆՔԱՑՈՒՄ։

1.Առկա հանքավայրին կից նոր տարածքների ուսումնասիրում արդյունահանման նպատակով։

2.Առկա վերամշակման ֆաբրիկայի ընդլայնում։

3.Առկա պոչամբարի ընդլայնում։

4.Նոր պոչամբարի կառուցում։

Արջուտում առկա է շահագործվող ոսկու հանքավայր և ոսկու կորզման ֆաբրիկա։

Գյուղի տարածքում է գտնվում մեծ աղբավայր, որտեղ կուտակվում է նաև Վանաձոր քաղաքի աղբը, ու այն անցյալ տարի ամառվա և աշնան ամիսներին հիմնականում միշտ ծխացել է՝ պատելով շրջանը և գյուղը շարունակական ծխով։

Գյուղը կամ ծխի, կամ փոշու մեջ է լինում, երբեմն՝ երկուսը իրար խառնված։

Լուրջ էկոլոգիական իրավիճակ, ռիսկեր և մարտահրավերներ։

Գյուղում մարդիկ փորձում էին զբոսաշրջություն զարգացնել, հյուրատներ են կառուցվել, բնականաբար այդ տենդենցը կանգ առավ, քանզի այդպիսի իրավիճակում դժվար է այն դարձնել զբոսաշրջության կենտրոն։ Ըստ պատմությունների՝ զբոսաշրջիկները հաճախ են այցելել գյուղ և հեռացել։ Գյուղը լուրջ անասնապահական գյուղ է, ու հաճախ մենք կտեսնենք շրջիկ վաճառողների, ովքեր Արջուտում արտադրված տնական կաթնամթերք են վաճառում, և փաստորեն ռիսկերը այդ մարդկանց համար խորանում են՝ բոլոր հնարավոր հետևանքներով։

2026 թվականի հունվարի 27-ին, ժամը 11:00-ից, Արջուտ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում մեկնարկում է հանրային լսումների շարք, որի նպատակն է՝ ինչպես նշված էր վերևը,

-Առկա հանքավայրին կից նոր տարածքների ուսումնասիրում արդյունահանման նպատակով։

-Առկա վերամշակման ֆաբրիկայի ընդլայնում։

-Առկա պոչամբարի ընդլայնում։

-Նոր պոչամբարի կառուցում։

Այդպիսի էկոհամակարգային խաթարման հետևանքների ծանրաբեռնվածությանը որևէ բնակավայր չի դիմանա՝ որպես գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության սուբյեկտ։

Այդպես է լինում, երբ համայնքը, մարզը, երկիրը չունի հստակ տարանջատման քաղաքականություն և երկարաժամկետ կտրվածքով օգուտ/վնասի գնահատում՝ տնտեսական, բնապահպանական, առողջապահական և ժողովրդագրական բաղադրիչներով։

Հ․Գ․ նախկինում գյուղացիները բազմիցս մերժել են հանքերի ընդլայնման հեռանկարները՝ բարձրաձայնելով առողջական ռիսկերի և իրենց ջրային համակարգին սպառնացող վտանգների մասին։ Անցյալ տարի նաև հանքավայրի մի խումբ աշխատակիցներ գործադուլ էին իրականացնում աշխատավարձերի բարձրացման պահանջով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder