Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին օրերին քաղաքացիների շրջանում բողոքներ են հնչում հեղուկ գազի թանկացման, երբեմն էլ լցակայաններում վաճառքի սահմանափակումների վերաբերյալ։ Սոցցանցերում օգտատերերը տեղեկություններով են փոխանակվում՝ ով որտեղից ինչ գնով է կարողացել մեքենան գազով լիցքավորել։
«Այսօր առավոտից քաղաք հեղուկ գազ չկա բավականին տեղեր, գազի գինը Երևանում ռեկորդային 250 դրամ է»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր էլ ահազանգում է հնարավոր սահմանափակումների մասին։
«Նոր 230 դրամով լցրեցի, ասացին՝ մի օր էլ կծախենք, ու վերջ. ճամփեքը փակ են»,- նշել է նա։
«Կիրակի էլ մտա գազ լցնեմ, ասեց՝ միայն չեքով ու ինչ որ ավտոքարտով ենք միայն լիցքավորում, նաև զարմացա որ չեք էլ են ունենում ու զարմացա»,- հայտնել է օգտատերը։
Գազի թանկացման վերաբերյալ հարցին այսօր ասուլիսում անդրադարձավ ՄՍՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ ամեն թանկացումից հետո նաև ինչ-որ փուլում հեղուկ գազն էժանանում է։
«Երբ հեղուկ գազի գինն իջնում է 90 դրամ, ես չեմ գալիս ասում՝ գիտե՞ք, ժողովուրդ, գազի գինը 90 դրամ եմ սարքել։ Գազը բորսային ապրանք է»,- նշեց Գևորգյանը։
ՄՍՊՀ նախագահի խոսքով՝ հիմնական պատճառը սեզոնով պայմանավորված պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը։
«Լարսը որ փակվում է, այդ մեքենան, որ պետք է, ենթադրենք, 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն, որ բորսայի գինը բարձրանում, իջնում է, բորսայից է կախված։ Բորսան միայն Հայաստանով չէ, Հայաստանն ամենամեծ սպառողը չէ։ Նույն ձև մյուս կողքի երկրները՝ ընդհուպ մինչև Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, պահանջարկի սեզոնայնություն կա, սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Բնականաբար Հայաստանում էլ է թանկանում»,- ասաց նա։
Գևորգյանն ընդգծեց, որ հեռուկ գազի շուկայում 100-ից ավելի ներմուծող կա, և պայմանավորվածության մասին խոսելն անիմաստ է։