24news-ի լրագրողին հարվածած կարմիր բերետավորը խնդրեց գործը տեղափոխել Երևանի դատարան. Դատավորը բավարարեց
Մշակույթ
12:37 14/01/2026
Հայաստան

24news-ի լրագրողին հարվածած կարմիր բերետավորը խնդրեց գործը տեղափոխել Երևանի դատարան. Դատավորը բավարարեց

Կոտայքի մարզի Քասախ գյուղում բնակիչների՝ տրանսպորտի խնդիրների վերաբերյալ  բողոքի ակցիան լուսաբանելու ընթացքում տեղում հասարակական կարգ պահպանելու կոչված կարմիր բերետավորներից մեկը հարվածել էր  24news.am կայքի լրագրողին։ Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Գործը հասել է դատարան, այն քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Այսօրվա դատական նիստում լրագրողին հարվածած բերետավորի պաշտպանը խնդրեց՝ գործն ուղարկել Երևանի դատարան։

«Հեռու է բավականին, քաղաքում ավելի հարմար կլինի։ Տուժող կողմի գործունեությունն է այնտեղ, ես եմ այնտեղ ապրում։ Կարող է աշխատանի մեջ լինեմ, չստացվի գալը։ Դուք պետք է որոշեք, որոշումը ձերն է»,-ասաց ամբաստանյալ Ազարյանը։

Դատավորը  նշեց, որ վարույթի 5 մասնակիցներից չորսն ապրում են Երևանում, այդ հիմքով որոշեց գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Որոշման հրապարակումից հետո դատական նիստը հայտարարվեց փակված։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
24news-ի լրագրողին հարվածած կարմիր բերետավորը խնդրեց գործը տեղափոխել Երևանի դատարան. Դատավորը բավարարեց