Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկանում. ՄՍՊՀ նախագահի մեկնաբանությունը
Տնտեսություն
14:57 14/01/2026
Հայաստան

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկանում. ՄՍՊՀ նախագահի մեկնաբանությունը

Վերջին օրերին քաղաքացիների շրջանում բողոքներ են հնչում հեղուկ գազի թանկացման, երբեմն էլ լցակայաններում վաճառքի սահմանափակումների վերաբերյալ։ Սոցցանցերում օգտատերերը տեղեկություններով են փոխանակվում՝ ով որտեղից ինչ գնով է կարողացել մեքենան գազով լիցքավորել։ 

«Այսօր  առավոտից քաղաք հեղուկ գազ չկա բավականին տեղեր, գազի գինը Երևանում ռեկորդային 250 դրամ է»,- գրել է օգտատերերից մեկը։ 

Մեկ այլ օգտատեր էլ ահազանգում է հնարավոր սահմանափակումների մասին։

«Նոր 230 դրամով լցրեցի, ասացին՝ մի օր էլ կծախենք, ու վերջ. ճամփեքը փակ են»,- նշել է նա։ 

«Կիրակի էլ մտա գազ լցնեմ, ասեց՝ միայն չեքով ու ինչ որ ավտոքարտով ենք միայն լիցքավորում, նաև զարմացա որ չեք էլ են ունենում ու զարմացա»,- հայտնել է օգտատերը։ 

Գազի թանկացման վերաբերյալ հարցին այսօր ասուլիսում անդրադարձավ ՄՍՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նա նշեց, որ ամեն թանկացումից հետո նաև ինչ-որ փուլում հեղուկ գազն էժանանում է։

«Երբ հեղուկ գազի գինն իջնում է 90 դրամ, ես չեմ գալիս ասում՝ գիտե՞ք, ժողովուրդ, գազի գինը 90 դրամ եմ սարքել։ Գազը բորսային ապրանք է»,- նշեց Գևորգյանը։

ՄՍՊՀ նախագահի խոսքով՝ հիմնական պատճառը սեզոնով պայմանավորված պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը։ 

«Լարսը որ փակվում է, այդ մեքենան, որ պետք է, ենթադրենք, 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն, որ բորսայի գինը բարձրանում, իջնում է, բորսայից է կախված։ Բորսան միայն  Հայաստանով չէ, Հայաստանն ամենամեծ սպառողը չէ։ Նույն ձև մյուս կողքի երկրները՝ ընդհուպ մինչև Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, պահանջարկի սեզոնայնություն կա, սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Բնականաբար Հայաստանում էլ է թանկանում»,- ասաց նա։ 

Գևորգյանն ընդգծեց, որ հեռուկ գազի շուկայում 100-ից ավելի ներմուծող կա, և պայմանավորվածության մասին խոսելն անիմաստ է։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկանում. ՄՍՊՀ նախագահի մեկնաբանությունը