Պատկերացնո՞ւմ եք, իմ աղջիկները գնում են դպրոց, այնտեղ ինչ-որ մեկը կարա ասի՝ դուք էն ահաբեկիչի աղջիկներն եք. Ա. Սարգսյան
Քաղաքական
16:28 15/01/2026
Հայաստան

Պատկերացնո՞ւմ եք, իմ աղջիկները գնում են դպրոց, այնտեղ ինչ-որ մեկը կարա ասի՝ դուք էն ահաբեկիչի աղջիկներն եք. Ա. Սարգսյան

«Առաջին օրից ասել եմ, մենք արժանապատիվ, նամուս-թասիբ ունեցող մարդիկ ենք, այստեղ եկել ենք ոչ թե մեղադրողների հետ կռիվ անենք, հարգարժան դատարան, Ձեզ հետ կռիվ անենք, քավ լիցի, նման մտադրություն չունենք, այն, ինչ տեղի է  ունեցել այս դահլիճում, տեղի է ունեցել մեր թասիբը պահելու համար»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողների միջնորդությանը։

Հանրային մեղադրողն այսօր մասնավորապես դատավորին միջնորդեց՝ մեղադրյալների, նրանց պաշտպանների կողմից վիրավորանքներ հնչեցնելու, քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին խոսելու դեպքում ընդհատել նրանց, ընդհուպ սանկցիա կիրառել։ Սա առաջացրեց մեղադրյալների, պաշտպանների զայրույթն ու քննադատությունը։

Ա. Սարգսյանը համոզված է, որ դատախազի միջնորդությունը մասամբ նաև իրեն է վերաբերում։

Նա մի օրինակ նշեց, ԱԺ-ում պատգամավորներից մեկը գործի վերաբերյալ ՔԿ նախագահին հարց է տալիս, ի պատասխան կոմիտեի նախագահը հայտարարում է, թե ունի Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական սխեմա։

«Հիմա ես ասում եմ, ինքը սուտ է ասել, որ սուտ է ասել, չասե՞նք, սուտ է ասել։ Հարգարժան մեղադրողներ, եթե ուզում եք, որ այստեղ նման բաներ չլինեն, միջնորդություն գրեք քննչական կոմիտեին, ասեք՝ ամբախ-զամբախ մի խոսացեք Հ1-ում, Ազգային Ժողովում։ Անկեղծ եմ ասում, մենք խնդիր չունենք, մեր խնդիրը մեզ պաշտպանելն է։ Դուք մեզ ասում եք ահաբեկիչ։ Պատկերացնո՞ւմ եք, իմ աղջիկները գնում են դպրոց, այնտեղ ինչ-որ մեկը կարա ասի՝ դուք էն ահաբեկիչի աղջիկներն եք։ Սրանից վատ մեղադրանք կա՞, վիրավորանք կա՞։ Էսքանից հետո մի հատ էլ ասում են՝ վաբշե մի խոսացեք։ Ուրեմն, մենք խոսելու ենք, պահելու ենք մեր արժանապատվությունը։ Մենք չունենք ձեր, ձեր ընտանիքների հետ խնդիր, մենք պահելու ենք մեր արժանապատվությունը»,-ասաց Ա. Սարգսյանը։

Նրա ելույթի ավարտին հնչեցին ծափեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder