Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարը Սպիտակ տանը հանդիպումից հետո լաց է եղել
«Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտը Սպիտակ տանը ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո տված հարցազրույցի ժամանակ լաց է եղել»,-այդ մասին հաղորդում է Գրենլանդիայի KNR ռադիոկայանը։
Չորեքշաբթի օրը Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները Սպիտակ տնից հեռացել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ բանակցությունները սկսելուց մեկուկես ժամ անց։
Դանիացի նախարարը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ կղզու հարցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել։ Նա նաև հայտարարել է, որ Դանիան և ԱՄՆ-ն որոշել են ստեղծել բարձր մակարդակի խումբ՝ Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները լուծելու միջոցներ մշակելու համար։
«Վիվիան Մոցֆելդտը հարցազրույցի ժամանակ արցունքոտ աչքերով հեկեկաց։ Հանդիպումից հետո, որին ամբողջ օրը ուշադիր հետևում էին աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցները, Մոցֆելդտը ուղիղ եթեր դուրս եկավ KNR ռադիոյով, և այստեղ այս փորձառու և զուսպ քաղաքական գործչի հույզերը դուրս հորդեցին։ Նրան հարցրին, թե արդյոք նա կարողացել է պահպանել իր հանգստությունը ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ, և նրա ձայնը գրեթե դողաց», -ասվում է հաղորդագրության մեջ։
Հարցազրույցում Մոցֆելդտն ասել է, որ իր գերատեսչությունը ակտիվորեն աշխատել է հանդիպմանը նախապատրաստվելու և գրենլանդացիների համար «անվտանգ ապրելու» հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։
«Վերջին մի քանի օրերը դժվար էին։ Մենք պատրաստվեցինք, բայց ճնշումը միայն ուժգնացավ»,-ասել է քաղաքական գործիչը։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության համար։ Ամերիկացի առաջնորդը հրաժարվել է խոստանալ չկիրառել ռազմական ուժ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կամ վերջնականապես պատասխանելու այն հարցին, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ կղզին, թե՞ ՆԱՏՕ-ի պահպանումը։
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Միացյալ Նահանգներին կղզու բռնազավթման հետևանքների մասին՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հունվարին ԵՄ երկրները քննարկել են հնարավոր արձագանքը, եթե Գրենլանդիայի դեմ ԱՄՆ սպառնալիքները հավաստի լինեն։