Ընդդիմությունը լինելու է մեղավոր, եթե հունիսին այս իշխանությունը վերարտադրվի․ քաղաքագետ
Քաղաքական
19:03 16/01/2026
Հայաստան

Ընդդիմությունը լինելու է մեղավոր, եթե հունիսին այս իշխանությունը վերարտադրվի․ քաղաքագետ

«Եթե խոսքը գնում է սահմանադրական կարգի վերականգնման մասին, որպես կարևորագույն խնդիր, ի՞նչ են մտածում քաղաքական ընդդիմությունները, որոնք ուզում են վերականգնել այդ կարգը։ Արդյո՞ք իրենք ունեն որևէ սեղան, որևէ հարթակ, որտեղ կարող են միմյանց հետ խոսել, գալ որոշակի պայմանավորվածությունների և դա ներկայացնել հանրությանը, նաև ընտրությունների ժամանակ։ Ցավոք սրտի՝ դա չկա»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի՝ պետք է հասկանալ՝ ի՞նչ է քաղաքականությունը։

«Քաղաքականությունը՝ իմաստներ ստեղծելն է, ապագայի նախագծեր ստեղծելն է և մարտահրավերներին դիմակայելն է։Ինչո՞վ է զբաղվում այսօր ընդդիմությունը։ Ընդդիմությունը զբաղվում է բողոքելով, բացատրելով՝ ինչքան վատն է իշխանությունը։ Ամեն օր բացատրում են՝ որքան վատն է,   բայց «ի՞նչ անել» խնդրի պատասխանը մենք չենք տեսնում։ Ես կարծում եմ,որ  եթե հունիսին այս գործող իշխանությունը վերականգնվի, առաջին հերթին պատասխանատու են լինելու այդ բողոքավոր ընդդիմությունները, որոնք որևէ քայլ չեն անում․ որևէ իմաստ  չեն ստեղծում՝ մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետը նշեց, որ գործող իշխանությունը իր ծրագրերը կապել է «խաղաղության» հետ,  Մենք ունենք մի իշխանություն, որը իր  ինչ-որ ծրագիրը սարքել, ասելով, որ   պատերազմ չի լինելու, ձեր երեխաները չեն զոհվելու, իսկ այս առումով ընդդիմության պատասխանը չենք տեսնում։

«Ի՞նչ է ասում ընդդիմությունը, արդյո՞ք կարող է միասնական շարքերով հանդես գալ, արդյո՞ք կարող է այդ հարցի պատասխանը տալ։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում։ Այո՛, ընդդիմությունը լինելու է մեղավոր, եթե հունիսին այս իշխանությունը վերարտադրվի, որովհետև ռեալ առումով այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի»,- հավելեց Ստեփանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder