Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր աշխատավարձը գնալով նվազում է. Որոնք են դոլարի արժեզրկման պատճառները
Վերջին օրերին դոլարի փոխարժեքը նվազման միտումներ ունի, ինչը քաղքացիների տարբեր շրջանակներում անհանգստության առիթ է դարձել։ Այսօր հայաստանյան բանկերում դոլարը գնվում է շուրջ 376 դրամով, ինչը 3-4 դրամով պակաս է շուրջ 1 ամիս առաջվա համեմատ։
ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկացավ, որ մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում է եղել: 2025թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024թ. դեկտեմբերին այն կազմել է 396.5 դրամ):
Դրամի արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանողների վրա։ Հատկապես տուժում է նաև ՏՏ ոլորտը, որտեղ բավականին շատ են հեռավար աշխատողները տարբեր երկրների հետ։
ՏՏ ոլորտում աշխատող Վահան Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին օրերին դոլարի արժեզրկումը մեծ խնդիրներ է առաջացնում ՏՏ ոլորտում պայմանագրային հիմունքներով արտասահմանյան ընկերությունների հետ հեռավար աշխատողների, ինչպես նաև տեղական այն ընկերությունների համար, որոնք ունեն պայմանագրեր արտասահմանյան ընկերությունների հետ։
«Դոլարի փոխարժեքի նվազումն ուղիղ ազդում է եկամտի վրա: ՏՏ ոլորտում պայմանագրային հիմունքներով հիմնականում աշխատում են ԱՄՆ-ի հետ մեծ մասամբ տարեկան ֆիքսված աշխատավարձով կամ ժամավճարով։ Միայն այս 4 օրերին դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 1 տոկոսով, դրան գումարում ենք Հայաստանում ինֆլիացիան, ու ստացվում է՝ մեր աշխատավարձը գնալով նվազում է»,- ասաց Վահան Հակոբյանը։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված դոլարի փոխարժեքի նվազումը; Դրա պատճառը ֆինանսական շուկայում ձևավորված արտարժույթի մեծ առաջարկն է։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն ասաց՝ բանկային համակարգը ներկայումս բախվում է արտարժույթի ավելցուկի, որը երկար ժամանակ պահել հնարավոր չէ։
«Այս պահին շուկայում կա արտարժույթի մեծ ծավալի առաջարկ։ Բանկային համակարգը այդ ծավալը երկար մարսել չի կարող, և շուկան դառնում է միակողմանի»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ շուկայում ձևավորվել է իրավիճակ, երբ ռուբլին ակտիվորեն մուտք է գործում բանկային համակարգ, իսկ դոլարը՝ դուրս գալիս։
«Բանկերը ավելի շատ ռուբլի են գնում և դոլար վաճառում։ Դրա արդյունքում բանկերի արտարժութային դիրքերը երկարում են, սակայն դիրքային սահմանափակումների պատճառով դրանք չեն կարող երկար պահվել»,- նշեց Աղաբեկյանը։
Այս գործընթացի հետևանքով բանկերը չեն կարողանում հավասարակշռել իրենց դիրքերը միջբանկային շուկայում, ինչն էլ ճնշում է փոխարժեքը և նպաստում դոլարի արժեզրկմանը։ Փորձագետի խոսքով՝ այս պայմաններում Կենտրոնական բանկը պարբերաբար միջամտում է շուկային՝ արտարժույթ գնելով բանկային համակարգից։
«Կենտրոնական բանկի նպատակը կուրսը պահելը չէ, այլ շուկայում առաջացած ավելցուկը մաքրելը, որպեսզի կտրուկ տատանումներ չլինեն»,- ընդգծեց նա։
Աղաբեկյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը մեծապես պայմանավորված է արտաքին տնտեսական միջավայրով։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած սահմանափակումների պայմաններում որոշ ֆինանսական հոսքեր տեղափոխվել են Հայաստան, և թեև դրանց կառուցվածքը փոխվել է, հոսքերը դեռևս պահպանվում են։
«Այն հոսքերը, որոնք նախկինում իրականացվում էին այլ ուղղություններով, այսօր որոշ դեպքերում անցնում են Հայաստանի բանկային համակարգով։ Թեպետ վերաարտահանման որոշ ուղղություններ նվազել են, ֆինանսական հոսքերը շարունակվում են»,- նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է դոլարի նվազման միտման տևողությանը, Աղաբեկյանը խուսափում է հստակ կանխատեսումներից՝ ընդգծելով արտաքին քաղաքական և տնտեսական անորոշությունը։
«Դժվար է վստահ ասել, թե որքան կշարունակվի այս միտումը։ Անորոշությունը մեծ է, և փորձը ցույց է տվել, որ կանխատեսումները միշտ չէ, որ արդարանում են»,- ասաց նա։
Միաժամանակ փորձագետը նշում է, որ Հայաստանի տնտեսության որոշակի ուժեղացումն ու աճի կայունությունը ևս նպաստում են դրամի արժևորմանը։ Դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման բացասական ազդեցությունն առավելապես զգացվում է արտահանող ոլորտներում, այդ թվում՝ ծառայություններ արտահանող ընկերությունների շրջանում։
«Արտահանողները բնականաբար դժգոհ են, քանի որ արտարժույթով ստացած եկամուտը դրամով հաշվարկելիս նվազում է»,- նշեց փորձագետը։
Սակայն նրա խոսքով՝ ներկայում փոխարժեքի կտրուկ տատանումներ չկան, և տնտեսվարողները հնարավորություն ունեն հարմարվելու շուկայական պայմաններին՝ կիրառելով արտարժութային ռիսկերը մեղմող ֆինանսական գործիքներ։
«Սա շուկայական իրավիճակ է։ Ինչպես նախկինում որոշ ոլորտներ շահում էին հակառակ միտումից, այնպես էլ հիմա տնտեսվարողները պետք է օգտվեն բանկային համակարգի առաջարկած գործիքներից՝ իրենց ռիսկերը կառավարելու համար»,- եզրափակեց փորձագետը։