Պատերազմն ու պարտությունը որոշ տղուկների ու աչիկոների շուկայի մտածողությունը զարգացրեց, շատերը ոչ Արցախ ունեն ներսում, ոչ էլ հայրենիք. Հակոբյան
Քաղաքական
08:27 17/01/2026
Հայաստան

Պատերազմն ու պարտությունը որոշ տղուկների ու աչիկոների շուկայի մտածողությունը զարգացրեց, շատերը ոչ Արցախ ունեն ներսում, ոչ էլ հայրենիք. Հակոբյան

«Պատերազմն ու պարտությունը որոշ տղուկների ու աչիկոների շուկայի մտածողությունը զարգացրեց։ Երբ Արցախը հանձնվեց, ցավը, ողբերգությունը, տեղահանությունը որոշների համար դարձան «կապիտալ»։ Ոմանք հասկացան, որ «Արցախ» բառը կարող է դրամական հոսք ապահովել՝ դրամաշնորհներ, ֆոնդեր, դոնորներ, մեդիա ուշադրություն։ Ոչ թե պայքարի, այլ շահարկման միջոցով»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետասքե Հակոբյանը։

Նա շարունակել է. «Իսկ ներկա բարոյական վակուում, ազգային արժեք, սրբության գաղափար չունեցողները Արցախն են «օգտագործում», նահատակների հիշատակն ու խաչը, առանց ամոթի «հայրենասիրություն են խաղում»՝ փրփրած բերանով, բայց սառը հաշվարկով։

Դատարկ կերպարները դառնում են «հրավիրված», «ներկայացուցիչ», «դեմք», դաշտը լցվում է հենց այդ տղուկներով ու աչիկոներով։ Ոչ ոք նրանց չի հարցնում՝ դու ինչ էիր անում, որտեղ էիր, ով ես։

Տառապում են ինքնահաստատման հիվանդությամբ։

Շատերը ոչ Արցախ ունեն ներսում, ոչ էլ հայրենիք։ Ու իրենց չկայացածությունը փորձում են լրացնել բարձրախոս հայրենասիրությամբ ու հաստ դրամապանակով։ Դա հոգեբանական կոմպլեքս է՝ փաթեթավորված «ազգային» բառապաշարով։

Իսկ ամենացավալին այն է, որ այս ամենը խփում է գերության մեջ գտնվող Արցախին, իրական արցախցուն, իրական կորստին, իրական պայքարին։ Երբ սրբությունը դառնում է բիզնես, հասարակությունը սկսում է կասկածել նույնիսկ արդարին։

Բայց մի բան հստակ է․

Արցախը նրանցը չէ։

Արցախը չի նույնացվելու այդ աղմուկի, այդ փողի ու այդ կեղծիքի հետ։

Ժամանակը միշտ մաքրում է դաշտը․ փրփուրը վերանում է, իսկ ցավով, լռությամբ ու արժանապատվությամբ ապրած մարդիկ մնում են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder