Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
3 մարզերում կառավարությունը համայնքների խոշորացման նոր գործընթաց է սկսում. Ինչո՞ւ
Կառավարությունը նախաձեռնել է համայնքների խոշորացման նոր գործընթաց, որի արդյունքում 3 նոր խոշոր համայնքներ կձևավորվեն։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել երեկ՝ հունվարի 16-ին։ Մինչև հունվարի 31-ը քաղաքացիները կարող են նախագծի ներքո ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները։
Նախագիծը հիշեցնում է, որ վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2016 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է համայնքների միավորման 77 ծրագիր, որի արդյունքում 908 համայնքների փոխարեն ձևավորվել է 64 խոշորացված համայնք։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած վերլուծությունները ցույց են տվել, որ կիրառված երկու մոդելներից՝ «փնջային» և «շրջանային», առավել արդյունավետ է եղել վերջինը։
Օրինագծով առաջարկվում է ձևավորել երեք նոր խոշոր համայնք՝ միավորելով ընդհանուր առմամբ 9 համայնք և 80 բնակավայր։ Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել Ստեփանավան համայնքը՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։ Սյունիքում կձևավորվի Գորիս համայնքը՝ Գորիս, Տաթև և Տեղ համայնքների միավորմամբ, իսկ Վայոց ձորում՝ Եղեգնաձոր համայնքը՝ Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքների միավորմամբ։
Փոփոխությունների ընդունմամբ կփոխվի տեղական ինքնակառավարման կազմակերպման ձևաչափը․ կդադարեցվեն միավորվող համայնքների գործող ավագանիների և ղեկավարների լիազորությունները, և օրենքով կսահմանվեն նոր ավագանու ընտրությունների անցկացման ու լիազորությունների ստանձնման հստակ ժամկետներ։