Հանրահայտ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա նվագախմբի հետ
Մշակույթ
09:08 19/01/2026
Աշխարհ

Հանրահայտ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա նվագախմբի հետ

Հունվարի 19-ին և 21-ին Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա նվագախմբի հետ հանդես կգա հանրահայտ  դիրժիոր Վահան Մարտիրոսյանը։ orer.eu-ի հաղորդմամբ, համերգներին ելույթ կունենան չեխ հանրահայտ երաժիշտներ  թավջութակահար Միխալ Կանկան(Michal Kaňka) եւ ջութակահար Լեոշ Չեպիցկին  (Leoš Čepický )։ Կհնչեն Բրամսի և Բեթհովենի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ դեռևս 2025-ի սեպտեմբերի 15-ից Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է Վահան Մարտիրոսյանը։ 

orer.eu-ի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ մտածե՞լ է, հայ երաժիշտների կհրավիրե՞ի Պարդուբիցե, նա պատասխանել է. «Իհարկե, կբերենք։ Ինչպես Բելգիայում կազմակերպեցի և հայկական ծրագիր նվագեցինք, այնպես էլ՝ այստեղ։ Դրա համար ժամանակ է պետք, որպեսզի նախ նվագախմբի հետ կապված փոքր խնդիրները լուծենք, և հետո, իհարկե, չեխ հանդիսատեսին կներկայացնենք հայկական երաժշտությունը։ Ես հոյակապ հայ երաժիշտ ընկերներ ունեմ, որ կփորձեմ բերել, որ այստեղ էլ ճանաչեն»։

Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիա  նվագախմբի ելույթներ են ծրագրված նաև այս տարվա մարտին և մայիսին։ Մարտի 16-18-ը նվագախումբը հանդես կգա Մոցարտյան ծրագրով , որին իբրև մենակատար կմասնակցի հանրահայտ դաշնակահար Ֆինգին Քոլինսը, իսկ մայիսի 25-30-ի համերգներում կներկայացվեն Պագանինիի ջութակի 5-րդ կոնցերտը եւ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան։ Իբրեւ մենակատար հանդես կգա բուլղարացի հայտնի ջութակահար Սվետլին Ռուսեն։

Վահան Մարտիրոսյանը  նաև Բելգիայի Վալոնիայի նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը,  Հոնկոնգի Քաղաքային կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder