Որքա՞ն գյուղմթերք կթույլատրվի ներմուծել Իրանից՝ 2026-ին․ կսահմանվեն քվոտաներ
Տնտեսություն
14:22 19/01/2026
Հայաստան

Որքա՞ն գյուղմթերք կթույլատրվի ներմուծել Իրանից՝ 2026-ին․ կսահմանվեն քվոտաներ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին սահմանել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների սակագնային քվոտաներ։ Այս նախաձեռնությունը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և իրականացվում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի պահանջների շրջանակում։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ 

Սակագնային քվոտաները նշանակում են, որ որոշ ապրանքները կարելի է ներմուծել միայն սահմանված քանակի շրջանակում, իսկ այդ ծավալը գերազանցելու դեպքում կիրառվելու են ավելի բարձր մաքսային դրույքներ։ Ըստ նախագծի՝ Կառավարությունը նպատակ ունի մի կողմից ապահովել միջազգային պարտավորությունների կատարումը, մյուս կողմից պաշտպանել ներքին շուկան և տեղական արտադրողներին։

2026 թվականի համար նախատեսված քվոտաները վերաբերում են հիմնականում սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի ներմուծմանը։

Ներառված հիմնական ապրանքներն ու քվոտաները․

Սառեցրած ընտանեկան թռչունների միս և սննդային ենթամթերք (հավ)՝ մինչև 1000 տոննա, կարտոֆիլ (թարմ կամ պաղեցրած, բացառությամբ սերմացուի)՝ մինչև 53 տոննա, ներառյալ օսլայի արտադրության համար նախատեսված ծավալները, թարմ կամ պաղեցրած լոլիկ՝ մինչև 364 տոննա, կաղամբի տեսակներ (սպիտակագլուխ, կարմրագլուխ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ և այլ Brassica տեսակներ)՝ մինչև 388 տոննա, գազար և շաղգամ՝ 257 տոննա, ճակնդեղ, քոշմորուք, նեխուր, ամսական բողկ և այլ արմատապտուղներ՝ 54 տոննա, վարունգներ և մանրավարունգներ՝ մինչև 1791 տոննա, որոնց ներմուծումը սեզոնային է, ամռանը գրեթե զրոյացվում է, խնձորներ (թարմ)՝ 308 տոննա, ընդգրկելով Golden Delicious և Granny Smith սորտերը, և ըստ տարվա ամիսների սեզոնային բաշխմամբ, պահածոյացված լոլիկ (առանց քացախի)՝ 365 տոննա։ 

Քվոտաների սեզոնայնությունը ստեղծված է, որպեսզի ներմուծումը համաչափ լինի տարվա տարբեր ամիսներին՝ տեղական արտադրության ծավալներին համապատասխան։ Այս մոտեցումը թույլ է տալիս կանխել շուկայի գերհագեցումը այն ժամանակահատվածներում, երբ առկա է տեղական բերք, և ապահովել ներմուծումը այն ամիսներին, երբ ներքին արտադրությունը սահմանափակ է։

Քվոտաների բաշխումն ու ներմուծման թույլտվությունների տրամադրումը կկազմակերպի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը ԵԱՏՄ շրջանակում պատասխանատու է սակագնային կարգավորման համար։ Կառավարությունը ակնկալում է, որ այս կարգավորումները կստեղծեն կանխատեսելի ու հուսալի պայմաններ ներմուծողների համար և կնպաստեն Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանը Իրանից հիմնականապես ներմուծում է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքներ՝ ներառյալ երկաթ ու պողպատ, վառելիք, պլաստիկ և մեխանիկական սարքավորումներ։ Գյուղատնտեսական մթերքներից զգալի տեղ է զբաղեցնում ընկույզը, սիտրուսային մրգերը և տարբեր բանջարեղենը, իսկ շինարարության և արդյունաբերության համար ներմուծվում են կերամիկական ապրանքներ ու մշակված երկաթյա արտադրանք։ Վերջին տարիներին Իրանից Հայաստանի ներմուծման ընդհանուր արժեքը հասնում է մոտ 600–630 միլիոն ԱՄՆ դոլարի, որտեղ հիմնական մասը բաժին է ընկնում էներգետիկ և արդյունաբերական ապրանքներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder