Չեմ հասկանում՝ լոկացիայի խնդի՞ր ենք այստեղ քննարկում. Ալեն Սիմոնյանը՝ Մանուկյանի հարցին ի պատասխան, թե ինչու ԱԺ-ում չի ներկայացվում քննիչ հանձնաժողովի զեկույցը
Քաղաքական
10:22 19/01/2026
Հայաստան

Չեմ հասկանում՝ լոկացիայի խնդի՞ր ենք այստեղ քննարկում. Ալեն Սիմոնյանը՝ Մանուկյանի հարցին ի պատասխան, թե ինչու ԱԺ-ում չի ներկայացվում քննիչ հանձնաժողովի զեկույցը

«Այսօր մեկնարկեց այս կազմով Ազգային ժողովի վերջին նստաշրջանը։ Այս նստաշրջանում արձանագրելի՞ է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից, դրա զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու Ազգային ժողովում»,- նիստի մեկնարկին հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր պատգամավորներն այդ զեկույցին ծանոթանալու հնարավորություն ունեն. «Այն  պատճառով, որ զեկույցը պարունակում է  նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստի տրամաբանությամբ անհնար է, դահլիճում ներկայացնելու  հնարավորությունը սահմանափակ է։ Բայց  դուք ու նաև բոլոր այն պատգամավորներ, որոնք ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ, ծանոթանալ»։ Նա կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին, որոնք շատ են խոսում 44-օրյա պատերազմի մասին, անպայման ծանոթանալ զեկույցին։  

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ես չասացի հրապարակային։ Համարենք այդ զեկույցը կա՞, թե՞ չկա։ Եթե քննիչ հանձնաժողով է ձևավորվում, պատրաստվում է զեկույց, այն ներկայացվում է  Ազգային ժողովում՝   փակ նիստում կամ այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է  դա։ Մինչ այժմ քննիչ  հանձնաժողովի զեկույց որպես այդպիսին ներկայացված չէ ԱԺ-ում»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս թեմայի շուրջ շահարկումները համարում է անտեղի. «Այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավոր պետք է ծանոթանա, իրողություն է, գնացեք  առաջին բաժին ու ծանոթացեք։ Չեմ հասկանում՝  լոկացիայի խնդի՞ր ենք մենք այստեղ քննարկում՝  դահլիճը լավն է, լույսը շատ է։ Գնացեք, ծանոթացեք, ինչո՞ւ չեք գնացել, ծանոթացել։

Եղբայրներ ջան, քայրեր ջան, գնացեք ու ծանոթացեք։  Մեզ քննադատում եք, բայց չեք գնում ծանոթանալ»։

Արդեն ԱԺ ամբիոնից Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ թեման իրականում շահարկվում էր իշխանության կողմից։  

«Քաղաքական մեծամասնությունը հայտարարում էր՝ քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք՝ ինչեր ենք բացահայտելու։ Երկար, տևական ժամանակ քննիչ հանձաժողովն աշխատել է։  Այս խորհրդարանն ավարտելով իր աշխատանքը՝ այդպես էլ չներկայացվեց 44- օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց։

Այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ի՞նչ է. զեկույց է համարվում այն, ինչ ներկայացում է ԱԺ-ին, ԱԺ-ին նման փաստաթուղթ չի ներկայացվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեմ հասկանում՝ լոկացիայի խնդի՞ր ենք այստեղ քննարկում. Ալեն Սիմոնյանը՝ Մանուկյանի հարցին ի պատասխան, թե ինչու ԱԺ-ում չի ներկայացվում քննիչ հանձնաժողովի զեկույցը