Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչական վերաքննիչ դատարանը ծանրաբեռնվում է փոքր գործեր քննելով, բողոքների 80 տոկոսը բերվում են պետական և ՏԻՄ մարմինների կողմից. ԱՆ առաջարկները
Արդարադատության նախարարությունն առաջարկում է երկու առանցքային կարգավորումներ Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և գործի քննության ժամկետները կրճատելու համար։ Այդ նպատակով նախարարությունն առաջարկել է ԱԺ-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարել։
ԱԺ-ում արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ, որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով: Միայն բացառիկ դեպքում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ կարող է լինել բանավոր ընթացակարգով, ապա գործը կքննվի բանավոր նիստով:
Նա նշեց, որ առաջարկում են այն դեպքերում, երբ պետական, ՏԻՄ մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում, և այն վերաբերում է 300 հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա այդ ակտերը բողոքարկել վերաքննիչ ատյան։
«Այսինքն, պետությունն, ըստ էության, հրաժարվում է իր բողոքարկման իրավունքից վերաքննիչ ատյանում, որպեսզի դրանով կարողանա նպաստել վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությանը, քաղաքացիների բողոքներն ավելի կարևոր գործերով կարողանան ավելի արագ քննվել»,- ասաց փոխնախարարը։
Վիճակագրության համաձայն, Վարչական վերաքննիչ դատարանում 2024-ին ներկայացվել է 8748 բողոքի, որի 2877-ը վերաբերում է տուգանքների վերաբերյալ կայացված դատական ակտերի բողոքարկմանը։
«Հետաքրքիրն այն է, որ այս բողոքներից 80 տոկոսը բերվում են հենց պետական և ՏԻՄ մարմինների կողմից այն դեպքերում, երբ շուրջ 65 տոկոս դեպքում տուգանքներով սահմանված չափը չի գերազանցում 25 հազար դրամը։ Պատկերացնում ենք, որ 8748 բողոքից 80 տոկոսը բողոքարկում է պետությունն ու ՏԻՄ-ը, իսկ դրանց 65 տոկոսը մինչև 25 հազար դրամ դատական ակտերն են։ Այսինքն, Վարչական վերաքննիչ դատարանը ծանրաբեռնված է նման փոքր գործեր քննելով»,- ասաց Դադունցը։
Ըստ նրա, այս ամենի հետևանքով պետությունն առավել քիչ ռեսուրների վերադարձի համար իրականում ավելի շատ ռեսուրներ է ծախսում՝ դատավորի, նրա աշխատակազմի վարձատրություն, թուղթ, կոմունալ ծախսեր, ծանուցումներ և այլն։
«Ըստ վիճակագրության, այդ բողոքարկումների մի ստվար զանգված ընդհանրապես չի էլ բավարարվում դատարանի կողմից։ Սա ավելի ապարդյուն է դարձնում այս ռեսուրսների օգտագործումը»,- ասաց Դադունցը։
Արդարադատության փոխնախարարը հայտարարեց, որ այս փոփոխպությունների արդյունքում ակնկալում են, որ Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը մոտ 30 տոկոսով կթեթևանա ու դա կնպաստի բողոքների ավելի արդյուանվետ քննությանը։