Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արամ Սարգսյանի կուսակիցը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից
«Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից»,-այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։
Սամվել Կարապետյանը պահանջել էր, որ դատավորը պարտավորեցնի Հարություն Տիգրանի Մկրտչյանին պատկանող նույն էջում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Հարություն Մկրտչյանս, 19.06.2025 թվականին «Հայկական Ժամանակ» և «Առաջին» լրատվական-վերլուծական (1in TV) ԶԼՄ-ներին արված հարցազրույցներում, ինչպես նաև 27.06.2025 թվականներին «facebook.com» սոցիալական կայքի էջումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր 17.06.2025 թվականի հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Բացի այդ, Սամվել Կարապետյանի կատարված բարեգործությունների մասին արտահայտել էի «նախկինում կատարված չակերտավոր բարեգործություններ» եզրույթը։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։
Փաստաբանը մանրամասնում է՝ դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից։
Նշենք, որ Հ. Մկրտչյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նա այդ կուսակցության ցուցակով առաջադրվել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու։