«Ժողովուրդ». Ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև
Օրվա մամուլ
08:59 21/01/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ընտրություններին ընդառաջ ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ ու վերադասավորումներ են ընթանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական ընդդիմադիր դաշտից այս պահին «Հայաստան» դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Պարզապես «աբդեյթ» կարվի ցուցակը, կփորձեն ակտիվ երիտասարդների ներգրավել՝ տարեցներին ուղարկելով վաստակած հանգստի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթություն չեն դիտարկում։

«Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև որևէ կոնկրետություն չկա։ Մենք հայտարարել ենք, որ բանակցությունների փուլում ենք։ Նախ պետք է վերջնականանա դաշինքի ձևաչափը, և պլատֆորմի հետ կապված բոլոր հարցերը ի վերջո կհրապարակվեն»,- ասաց Վարդանյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի և ձևաչափի վերաբերյալ քննարկումներ դեռևս չկան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել նաև, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում, այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«Հունվարի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը։ Հնչել են տարբեր կարծիքներ։ Որոշում դեռ չի կայացվել։ Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Աշոտյանը։

Արտախորհրդարանական դաշտում ևս ակտիվ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի և անձանց միջև։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնարավոր է միասնական ճակատով գնան ընտրություններին։ Համենայնդեպս, քաղաքական դաշտում նման բանակցությունների մասին խոսվում է։

Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասներ հայտնել։ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։ Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը։ Մենք նաև չենք թաքցրել, որ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է»։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ «Մայր Հայաստանը» վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հերքեց լուրերը։ «Նման բան չկա։ Ամբողջությամբ սխալ տեղեկություններ են»,- ասաց նա՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև «Միասնության թևեր» շարժման, «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև՝ ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։

«Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Աբրահամ Գասպարյանը։

«Հայաքվե»-ից Արմեն Մանվելյանը փոխանցեց․ «Մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք, նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք։ Որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Կարծում եմ՝ փետրվարի սկզբին արդեն պարզ կլինի»։

«Միասնության թևեր» շարժումից տեղեկացրեցին, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն չունեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder