Իսպանիայում գնացքի երկրորդ վթարն է գրանցվել. Կան մի քանի տասնյակ վիրավորներ
Հասարակություն
09:34 21/01/2026
Հայաստան

Իսպանիայում գնացքի երկրորդ վթարն է գրանցվել. Կան մի քանի տասնյակ վիրավորներ

Իսպանիայում գնացքի  վթարի երկրորդ դեպքն է գրանցվել։ Բարսելոնայի մոտակայքում իսպանական մերձքաղաքային գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա փլուզված պատի փլատակներին։ Վթարի հետևանքով վարորդը զոհվել է, ևս 37 մարդ վիրավոր է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վթարը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի Գելիդա համայնքում, որը գտնվում է Բարսելոնայից մոտավորապես 40 կմ դեպի արևմուտք։

Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արևելքում ուժեղ փոթորիկների հետևանքով, քանի որ Իսպանիայի արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող ափամերձ տարածքները բարձր տագնապի մեջ են եղանակի պատճառով։

Վթարը  տեղի է ունեցել  վերջին տասնամյակում երկրի ամենածանր երկաթուղային վթարից օրեր անց։ Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը՝ հունվարի 18-ին Իսպանիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհվել է 42 մարդ, իսկ տասնյակները վիրավորվել են։

Երկաթուղային ցանցերի տվյալներով՝ երկու վթարի մասնակից երկու գնացքներում գտնվել են մոտ 400 ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները բուժօգնություն են ցուցաբերել 122 մարդու, որոնցից 43-ը, այդ թվում՝ չորս երեխա, դեռևս հիվանդանոցում են։ Նրանցից 12 մեծահասակ և մեկ երեխա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Իսպանիայում եռօրյա սուգ էր հայտարարվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսպանիայում գնացքի երկրորդ վթարն է գրանցվել. Կան մի քանի տասնյակ վիրավորներ