Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պաշտոնյաները պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն. Ֆինանսների նախարարը՝ միլիարդների պարգևավճարների մասին
«Մենք ունեցել ենք սպասվածից ավելի փոքր չափերով դեֆիցիտ՝ առնվազն 1 տոկոսային կետով, հիշեցնեմ, որ 2025 թվականին մեր պլանավորածը 5.5 % դեֆիցիտն էր»,-նախորդ տարվա աշխատանքների ամփոփիչ ասուլիսում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այն կազդի նաև պետական պարտքի վրա։
«Որովհետև եթե մենք պլանավորում էինք, որ պետական պարտքը 2025 թվականին կանցնի 50 %-ից, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի 48.7 %»,-վստահեցրեց նախարարը և հիշեցրեց, որ 2024 թվականի վերջին կառավարության պարտքը 48 % էր։
Հովհաննիսյանի խոսքով, այն ազդում է նաև պետական պարտքի տոկոսների վրա՝ թողարկված գանձապետական պարտատոմսերի, արտարժույթային շուկաներում պարտատոմսերի տոկոսադրուքների վրա։
«Ուրախ եմ արձանագրել, որ մենք ունենք պատմականորեն ցածր ռիսկի հավելավճար»,- աաց Հովհաննիսյանը՝ և նշեց, որ կապիտալ ծախսերի համար պետք է պարտքեր ներգրավեն, այն բյուջեի պահանջ է։
Անդրադառնալով պետական պաշտոնյաներին պարգևավճար տալուն՝ նախարարը վստահեցրեց, որ վերջին տարիներին նրանց աշխատավարձերը չեն բարձրացել։
Նախարարի խոսքով՝ պետական համակարգի աշխատակիցներն ավելի խոցելի են, քան նույն աշխատանքը կատարող մասնավոր հատվածի աշխատողները, դրա համար էլ պետք էր ավելացնել վճարը, որը նա պարգևավճար չհամարեց։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ հավելյալ աշխատավարձը ոչ թե ծրարներով են բաժանում, այլ կատարողականի հիման վրա պարգևավճարով են տալիս։
«Ավելի հեշտ էր, որ ինչ-որ մեկը գար, կանխիկով այդ փողը բաժաներ և այս թեման չլիներ, ոչ մեկը պարգևավճար չստանար և շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչը պետք է թափանցիկ, հասկանալի լինի, կարող է սկզբից կատարյալ չլինի... Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ, որ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա սրանից...
Պաշտոնյաները պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը հասցնել կատարելության,- ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան։
Այս պաշտոնյայի հայտարարությունը հիշեցնում է Ջորջ Օրուել-ի «Անասնաֆերմա»-ի այս հատվածը. «Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական և վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները»։