Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Նյուրնբերգի Meistersingerhalle-ում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026թ.-ի հունվարի 16-ին և 17-ին Գերմանիայում՝ Զաալֆելդի Meininger Hof համերգասրահում հանդես է եկել Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ փետրվարի 8-ին կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Նյուրնբերգի Meistersingerhalle-ում:
Համերգը սկսվել է Լյուդվիգ վան Բեթհովենի «Պրոմեթևս» բալետի նախերգանքով:
Երկրորդ բաժնում հնչել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Վիրտուոզ Կոնցերտի կատարումը, որը միջազգային սենսացիա էր հենց պրեմիերայի օրվանից (1936), հանձն էր առել երիտասարդ դաշնակահար Անդրեյ Կուրբետը: Նա եկել էր փոխարինելու Արմեն Բաբախանյանին, ով, հարգելի պատճառներով, չէր կարողացել ժամանել Գերմանիա:
Համերգն ավարտվել է Շոստակովիչի «Մցենսկի Լեդի Մակբեթ» օպերայի Ադաջիոյով՝ լարային նվագախմբի համար։
Համերգի մասին մասնագետների արձագանքներում նշվում է. «Թյուրինգիայի ունկնդրին արդեն լավ ծանոթ ականավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հերթական անգամ նվագախումբը հասցրեց իր վարպետության գագաթնակետին: Բեթհովենի «Պրոմեթևս»-ի նախերգանքը բարդ ծրագրի շատ հաջող սկիզբ էր, իսկ Բեթհովենի Երկրորդ սիմֆոնիայում նվագախումբը կրկին փայլեց՝ հրավիրյալ դիրիժորի ղեկավարությամբ։ Երեկոյի գագաթնակետը Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն էր՝ մենակատար Անդրեյ Կուրբետի կատարմամբ։ Անհավանական է՝ փշաքաղվելու աստիճան: Ընդամենը քսանչորս տարեկան երիտասարդ մենակատարն իր գործի վարպետն է, ինչպիսի՜ գեղարվեստական տպավորություն։ Շոստակովիչի «Ադաջիո»-ում նվագախումբը տպավորեց երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող տաք և թանձր լարային հնչողությամբ: Զաալֆելդի լեփ-լեցուն Meininger Hof-ի հանդիսատեսը որոտալից ծափահարություններով արտահայտեց իր երախտագիտությունը նվագախմբին, մենակատարին և հրավիրյալ դիրիժորին»։
Նվագախմբից հայտնում են, որ Գերմանիայում Թոփչյանի հաջորդ համերգը տեղի կունենա փետրվարի 8-ին, Նյուրնբերգի Meistersingerhalle-ում, Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ծրագրում ներառված են Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որի մենակատարն է հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը:
Իսկ մինչ գերմանական հյուրախաղերը մաեստրո Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասշտաբային հյուրախաղերով հանդես եկավ Չինաստանի ինը մշակութային կենտրոններում: