Կեղտաջրերը լցվել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 7-րդ շենքի բակ, գարշահոտությունը՝ բնակիչների տներ
Հասարակություն
16:05 22/01/2026
Հայաստան

Կեղտաջրերը լցվել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 7-րդ շենքի բակ, գարշահոտությունը՝ բնակիչների տներ

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 7-րդ շենքի բակում արդեն 10 օրից ավելի հակասանիտարական վիճակ է, գարշահոտությունն անհանգստացնում է մարդկանց, նույնիսկ հնարավոր չէ լվացք փռել։ Պատճառը դիտահորի խցանում է, կեղտաջուրը դուրս է գալիս ու լցվում բակ։

«Հնարավոր չէ անցնել բակով՝ սառույցը մի կողմից, կեղտաջրերը մյուս կողմից։ Լվացք հնարավոր չէ փռել, հոտը կպնում է հագուստին, սպիտակեղենին, նաև գարշահոտությունը տներ է լցվում»,- դժգոհում են բնակիչները՝ նշելով, որ թեև զանգահարել են «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գծի 1-85 հեռախոսահամարին, սակայն կամ անպատասխան են մնացել զանգերը կամ ասել են՝ կգանք, բայց դեռ չեն եկել։

Բնակիչները նաև նշեցին, որ խնդիրը պարբերաբար է կրկնվում։ 

«Շոգ եղանակին գարշահոտությունն ավելի ահավոր էր։ Վախենում էինք երեխաներին թողնել բակ, չնայած անհնար էլ էր դուրս գալ»,- ասաց բնակիչներից մեկը։

Բնակիչների ահազանգը Panorama.am-ը փոխանցեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։ Ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանն ասաց, որ այս օրերին շատ են զանգերը, հերթով անդրադառնում են բոլոր հասցեներում արձանագրված խնդիրներին։

«Այսօր կամ վաղն առավոտյան նշված հասցեում խնդիրը կլուծվի։ Կարևոր է աշխատանքներից հետո հասկանալ, թե ինչն է խցանումների պատճառը։ Շատ կարևոր է, թե մարդիկ ինչպես են օգտագործում կոյուղին։ Հաճախ տարբեր իրեր են նետում, իսկ ցուրտ եղանակին խողավակները սառում են, այդ ամենը հավաքվում է  մի տեղ ու խցանումները դառանում են  ավելի հաճախակի», -նշեց նա։

Բնակիչների ահազանգից ու մեր՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցչի հետ զրույցից քիչ անց, երբ բնակիչներին խնդրել էինք նկարել բակի վիճակն ու ուղարկել մեզ, արդեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն այնտեղ էին ու մաքրում էին  դիտահորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder