Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են
Քաղաքական
13:17 22/01/2026
Հայաստան

Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են

Կառավարությունն այսօրվա  հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը: Այպիսով՝ օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվական։ Այս մասին Կառավարության՝ հունվարի 22-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է  իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր պլանը և ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը, և այդ մաստեր պլանում կներառվեն նաև 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները»,- ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արձագանքելով փոխնախարարին, հարցրեց. «Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այսինքն՝ մենք ունենալո՞ւ ենք երկրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում»։

Ի պատասխան փոխվարչապետի հարցի՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, գործող կոնցեսիոնն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը դուրս է գալիս այդ կարգավորումից»։

Ըստ նրա՝ իրավական առումով այն կդառնա միջազգային օդանավակայան, սակայն, բացի այդ, պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են