«Գետնի տակ են աշխատում՝ բարձր ռիսկի պայմաններում․ համարժեք վարձատրություն են ուզում»․ Ախթալայում չի ստացվում համաձայնության գալ
Հասարակություն
20:15 22/01/2026
Հայաստան

«Գետնի տակ են աշխատում՝ բարձր ռիսկի պայմաններում․ համարժեք վարձատրություն են ուզում»․ Ախթալայում չի ստացվում համաձայնության գալ

Ախթալայի հանքի տարածքում մոտ մեկ շաբաթ է՝ հորատող բանվորները չեն աշխատում։ Գետնի տակ, բարձր ռիսկային պայմաններում աշխատող շուրջ 50 քաղաքացի հավաքվում է ընկերության դարպասների մոտ և սպասում, որ իրենց պահանջները լսելի դառնան։ Աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Լրագրողների հետ անձամբ խոսելուց խուսափում են, քանի որ հաշվեհարդարի ռիսկ են տեսնում։ 

Նրանց պահանջներն ու մտահոգությունները Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ 

 «Գործադուլի մասնակիցները նեղ մասնագիտական աշխատանք կատարողներն են՝ հորատողներ,որոնք  ստորգետնյա տարածքում իրականացնում են հորատումներ, պայթեցումներ՝ երբեմն չլինելով նույնիսկ դրա մասնագետը։ Սա չափազանց ծանր ու վտանգավոր աշխատանք է, որը ենթադրում է մեծ ռիսկեր։ Հետևաբար, բնական է, որ նման պայմաններում աշխատող մարդը պետք է համարժեք վարձատրվի։ Սակայն, աշխատակիցների պնդմամբ, իրենց կատարած աշխատանքի և ստացած աշխատավարձի միջև համապատասխանություն չկա»,- ասաց Դուլգարյանը։

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ գործադուլ անող աշխատակիցներն առաջարկում են նաև պայթեցումների համար նեղ մասնագետներ հրավիրել, այդ դեպքում իրենք կարող են մնալ և շարունակել իրենց աշխատանքը՝ նույն գումարով։

 Դուլգարյանի խոսքով՝ մի քանի օր շարունակ բանակցություններ են տեղի ունեցել, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Ավելին, գործադուլի ընթացքում որոշ աշխատակիցներ ծանուցումներ են ստացել՝ հնարավոր ազատման վերաբերյալ։ Դրան զուգահեռ,  ընկերությունը աշխատանքի հայտարարություն է տվել՝ նոր հորատողների որոնման նպատակով։ 

«Ստացվում է այնպես, որ որևէ զիջում չկա։ Նշել են, որ չեն ընդունում պահանջները։ Ասել են՝ ինչքան կարող եք, այդքան բարձրացրեք աշխատավարձերը, բայց դրան էլ չեն ընդառաջ գնացել՝ վկայակոչելով ֆինանսական դժվարությունները և նույնիսկ նշելով, որ նման պահվածքի դեպքում ընկերությունը կարող է փակվել։ Ստացվում է, որ ամբողջ բեռը մարդկանց վրա է ընկնում»,- ասաց Դուլգարյանը։

Թե որքան աշխատավարձ են ստանում հանքի աշխատողները, հստակ տվյալներ չկան։ Դուլգարյանը նշում է, որ իր ունեցած տեղեկությունները ճշգրտված չեն և հիմնված են աշխատողների ասածի վրա․ «Լավագույն դեպքում խոսքը մինչև 300 հազար դրամի մասին է, 200-ից 300 հազարի միջակայքում»։ Նրա խոսքով՝ աշխատակիցները նշում են, որ տարիներ առաջ էլ ստացել են նույն աշխատավարձը, մինչդեռ հանքի արտադրանքի գինը թանկացել է, կրկնապատկվել, իսկ իրենց վարձատրությունը մնացել է անփոփոխ։

«Գետնի տակ, մեծ ռիսկերի պայմաններում իրականացվող աշխատանքի համար(ոչ միայն պատահարների, այլև առողջության տեսանկյունից՝ նորմալ օդ չշնչելու) աշխատավարձը պետք է մաքսիմալ բարձր լինի»,- ասաց Դուլգարյանը։

Ինչ վերաբերում է պետական մարմինների կողմից արձագանքին, իրավապաշտպանի տեղեկություններով՝ գործընթացում ներգրավված են միայն տեղական իշխանությունները։

«Տեղական իշխանությունները մասնակցում են բանակցություններին, և իրենց դիրքորոշումներից երևում է, որ աշխատակիցներին հասկանում են, արդար են համարում պահանջը»,- նշեց նա, ապա հավելեց․ 

«Սակայն ավելի բարձր պետական մարմինների կողմից միջամտություն չի եղել։ Տեղական իշխանությունները փորձում են պահպանել նուրբ հավասարակշռություն՝ մի կողմից կանխել արտադրության կանգը, մյուս կողմից՝ թույլ չտալ, որ աշխատողները մնան առանց աշխատանքի»։

Ախթալայի համայնքապետը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ կապի մեջ է և գործադուլ հայտարարած քաղաքացիների, և գործատուի հետ, սակայն մինչ այս պահը համաձայնության գալ չի հաջողվել։ 

Գործադուլի պայմաններում, համայնքապետ Սևակ Սարգսյանի փոխանցմամբ, ընկերությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի հանքն ամբողջությամբ չկանգնի։

«Աշխատանքը չկանգնելու համար այսօր ընկերությունն ուրիշ մարդիկ է բերել, որ իրենց փոխարեն աշխատեն։ Այդտեղ մոտ 500 մարդ է աշխատում, որոնցից 50-ն են գործադուլ անում։  Որպեսզի գործարանն ընդհանրապես չկանգնի, ուրիշ մարդկանց են բերել»,- ասաց համայնքապետը։

Թե կոնկրետ քանի հոգու է հաջողվել ներգրավել, համայնքապետը չի հստակեցնում, թեև հաստատում է՝ որոշ աշխատակիցներ արդեն փոխարինվել են։

Նա նաև նշում է, որ անձամբ հանդիպել է գործատուի հետ և լսել վերջինիս հիմնավորումները։

«Գործատուն ասում է, որ այս պահին հնարավորություն չունի։ Տարիներ շարունակ, երբ պղինձը էժան է եղել, աշխատել են վնասով, որպեսզի հիմնարկը չկանգնի։ Հիմա, երբ պղինձը թանկացել է, ուզում են նախ վերականգնել այդ մինուսները, հետո նոր, եթե հարմար լինի, բարձրացնել աշխատավարձերը»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավիճակի հնարավոր լուծմանը համայնքապետի պատկերացմամբ՝ առաջնային խնդիրն է, որ հանքը չկանգնի և մարդիկ չկորցնեն աշխատանքը։

«Իմ պատկերացումն այն է, որ հիմնարկը չկանգնի, որովհետև դրա հիման վրա է ամբողջ Ախթալան կառուցված, մարդիկ աշխատում են։ Բայց միաժամանակ ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք այս պահին գործադուլ են անում, առանց աշխատանքի չմնան։ Տեսնենք՝ ոնց կստացվի, հիմա հստակ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Աշխատողների իրավունքների և արժանապատիվ աշխատանքի հարցին անդրադառնալով՝ համայնքապետը կարևորում է այդ բաղադրիչը, սակայն ընդգծում է, որ բանակցությունների ներկա փուլում առաջնահերթությունն այլ է։

«Իհարկե, դա ամենակարևոր մասն է, բայց այս պահին ուզում ենք այնպես անել, որ իրենք գնան աշխատանքի, համաձայնվեն, թեկուզ մի քանի ամիս հետո աշխատավարձը բարձրանա։ Հիմնարկի ղեկավարը հավաստիացնում է, որ ժամանակի ընթացքում կկարգավորի նաև աշխատանքային պայմանների հետ կապված խնդիրները։ Ասում է՝ այս ընթացքում ամեն ինչ կկարգավորեմ, եթե ինչ-որ բան այս պահին չկա, կկարգավորեմ։ Մենք ուզում ենք, որ իրենք վերականգնվեն, գան աշխատանքի, հետո արդեն մի քանի ամիս հետո աշխատավարձը բարձրանա։ Սա է բանակցությունների հիմնական իմաստը»,- ասաց նա։

Ախթալայի հանքում գործադուլ իրականացնող շուրջ 52 աշխատակիցներն այսօր դիմել են ոլորտային արհմիությանը՝ «ՀՀ  Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհետակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Նրա խոսքով՝   միությունն արդեն իսկ արձագանքել է դիմումին և պատրաստակամություն է հայտնել աջակցելու աշխատակիցներին՝ ինչպես իրավական, այնպես էլ՝ բանակցային գործընթացում։

«Ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչը բնականաբար իրենց հետ խոսել է, պատրաստակամ է իրենց օգնելու, նաև տարածքային կառավարման նախարարության հետ է խոսել ճյուղային Հանրապետական միությունը։ Վաղն առավոտյան ինքը կմեկնի Ախթալա, կարծում եմ՝  տեղում  կլինեն նաև բանակցություններ, որոնց ճյուղային միությունը պատրաստակամ է մասնակցելու՝ աշխատողների իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար բանակցությունների ընթացքում»,- մանրամասնեց Մանասերյանը։

Նրա խոսքով՝ աշխատակիցների հիմնական պահանջը հաճախ սխալ է մեկնաբանվում՝ որպես աշխատավարձի պարզ բարձրացման պահանջ։ Իրականում, ըստ նրա, խոսքը վերաբերում է լրացուցիչ աշխատանքի դիմաց արդար փոխհատուցմանը։

«Պահանջը, կարծում եմ, հստակ է։ Դա աշխատավարձերին է վերաբերում, բայց ոչ թե աշխատավարձի բարձրացում են այդ մարդիկ պահանջում, այլ իրենք ընդամենը ուզում են, որ աշխատանքի ծավալների ավելացման ժամանակ իրենց հավելավճարները վճարվեն», - ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը չի շրջանցում նաև աշխատանքային պայմանների խնդիրը՝ նշելով, որ հանքագործության ոլորտում դա համակարգային խնդիր է։

«Պայմանների մասով խնդիր ունենք ցանկացած հանքագործունեության ոլորտում։ Դա, ասենք, ավելորդ է նույնիսկ քննարկել, ուղղակի ասել, որ պայմանները լավ են՝ գոնե փոշին հաստատ կա ու կա», – ասաց Մանասերյանը։

Արհմիությունների ներգրավմամբ սպասվում է, որ Ախթալայի հանքում գործադուլի շուրջ բանակցությունները կմտնեն ավելի ինստիտուցիոնալ փուլ, իսկ աշխատակիցների պահանջները կստանան կազմակերպված պաշտպանություն։

Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև շուրջ մեկ տարի առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ։ 2025 թվականի հունվարի 31-ից ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, որը տևեց 11 օր՝ ընկերությանը հասցնելով միլիարդավոր դոլարների վնասներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը և ապահովել ավելի լավ աշխատանքային ու անվտանգային պայմաններ։ Գործադուլն ավարտվեց 10 փետրվարի երեկոյան, երբ աշխատակիցները համաձայնեցին ընդունել ղեկավարության առաջարկները՝ ներառյալ աշխատավարձային ֆոնդի շուրջ 20% բարձրացումն։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Գետնի տակ են աշխատում՝ բարձր ռիսկի պայմաններում․ համարժեք վարձատրություն են ուզում»․ Ախթալայում չի ստացվում համաձայնության գալ