Կառավարությունն այսօր օրենսդրական հիմքեր կստեղծի բարձր վարձատրվող ՍԴ դատավորներին նոր հավելավճար տալու համար
Իրավունք
10:24 22/01/2026
Հայաստան

Կառավարությունն այսօր օրենսդրական հիմքեր կստեղծի բարձր վարձատրվող ՍԴ դատավորներին նոր հավելավճար տալու համար

Գործադիրն այսօր հավանություն կտա «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերին։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Սակայն օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։

Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։ Նման համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը և ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել են սույն նախագծերը, որոնց նպատակն է՝ սահմանել Սահմանադրական դատարանի դատավորների համար լրացուցիչ նյութական երաշխիքներ՝ այդ կերպ ապահովելով Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սկզբունքների շրջանակում։

Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի գործակիցների նկատմամբ նոր հավելավճարների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և առանձնահատուկ լիազորությունների շրջանակով։

Որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններն առնչվում են տարաբնույթ և իրավական պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտների հետ (նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգում, սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծում, հանրաքվեի, ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճեր և այլն)»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունն այսօր օրենսդրական հիմքեր կստեղծի բարձր վարձատրվող ՍԴ դատավորներին նոր հավելավճար տալու համար