Վա՜յ, հունվարի կեսին ձյուն տեղաց, խայտառակություն է. Ավինյանի անգործության արձագանքներն ու հետևանքները
Հասարակություն
14:55 23/01/2026
Հայաստան

Վա՜յ, հունվարի կեսին ձյուն տեղաց, խայտառակություն է. Ավինյանի անգործության արձագանքներն ու հետևանքները

Մի քանի ժամ տեղացած թույլ ձյունը Երևանում կաթվածահար է արել երթևեկությունը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատում են քաքաղային իշխանություններին ցուցաբերած անգործության՝ փողոցները չմաքրելու համար, ինչը հանգեցրել է 10 բալանոց խցանումների։

Քաղաքի կենտրոնական և ծանրաբեռնված փողոցներում ավտոմեքենաների շարժը գրեթե կաթվածահար է։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս անդրադարձել է երթևեկության խնդիրներին կասկածի տակ դնելով քաղաքային կոմունալ ծառայությունների պատրաստվածությունը։

«Ես ուզում եմ հասկանամ՝ այս քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկա՞լ էր։ Վա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել»,- ասաց նա ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։

Իոաննիսյանի խոսքով՝ նույնիսկ Երևանի ամենածանրաբեռնված հատվածներում երթևեկությունը կանգ է առել։

 «Հիմա Բաղրամյան պողոտայում եմ, հոսքը գնում է հետիոտնի արագությամբ, և որևէ էական մաքրման կամ աղավազով մշակման հետք անգամ չեմ տեսնում»,– ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ նույն պատկերն է նաև քաղաքի այլ հատվածներում։

Նա ընդգծեց, որ իրավիճակը առավել անհասկանալի է այն դեպքում, երբ եղանակի կանխատեսումը նախապես հայտնի էր։

«Եղանակի տեսությունն էլ տվել էր, որ ցերեկը ձյուն է գալու։ Նոր մտա նայեցի։ Դժվա՞ր էր ինչ-որ բան նախապես անել»,– հարցադրում արեց Իոաննիսյանը։

Իր խոսքում նա նաև հեգնանքով անդրադարձավ վարորդների պատասխանատվությանը, որը, նրա խոսքով, հաճախ է դրվում որպես միակ բացատրություն։

 «Կներեք, ձմեռային անվադողեր ունենք, ԱԲՍ ունենք, թրաքշն քընթրոլ ինժեներների անունով երդվելով ենք քշում»,– նշեց նա։

Մեկ այլ օգտատեր էլ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Երևանում ավտոբուսների երթևեկությունը ձյան պայմաններում։ 

«Ընդամենը մի քանի սմ ձյուն է եկել, ամբողջ տրանսպորտը կաթվածահար է։ Վարորդը մեղավոր չէ, ելնելով մարդկանց անվտանգությունից կանգնեցրեց մեքենան, որովհետև Ավինյան Տիգրան, դու աշխատանք չես անում, նստած մեր փողերն ես ուտում; Ասում եք հույժ գաղտնի փողեր ենք դուրս գրում, այ դրա արդյունքն է։ Գոնե աղ լցնեք»,- ասաց քաղաքացին՝ ընդգծելով, որ ՀԱԹ-ից հասել է Կենտրոն, բայց ձնամաքրման որևէ աշխատանք կամ մեքենա չի հանդիպել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վա՜յ, հունվարի կեսին ձյուն տեղաց, խայտառակություն է. Ավինյանի անգործության արձագանքներն ու հետևանքները