Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննադատեցին, նույն պահին զրկվում են դիտորդական առաքելության կարգավիճակից. Արծվիկ Մինասյան
Սա իշխանական վերահսկելի դիտորդական առաքելություններ ձևավորելու նախագիծ է։ Նման կարծիք հայտնեց «ԱԺ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնած ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին։
«Բացառում են և զրկելու են բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք որևէ կերպ կհամարձակվեն իշխանության համար ոչ հաճելի գնահատական հնչեցնել՝ դա որակելով որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Որևէ ձևով չեն կարող իշխանություններին քննադատել․ քննադատեցին՝ նույն պահին զրկվում են դիտորդական առաքելության կարգավիճակից»,- հայտարարեց Մինասյանը;
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը օրակարգ է բերվել արտակարգ արագությամբ և փակ գործընթացով։
«Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետև երեկ երեկոյան ընդամենը Ազգային ժողովի կայքէջում տեղադրվեց ծանուցում, որ այսօր առավոտյան հրավիրվում է խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցը քննարկելու համար։ Նախագիծը երեկ է դրվել շրջանառության մեջ, նույն օրը ժամերի տարբերությամբ հրավիրել են խորհրդի նիստ, այսօր էլ արդեն բերում են արտահերթ նիստի օրակարգ։ Սա իշխանության լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակն է»,- ասաց պատգամավորը։
Մինասյանն ընդգծեց, որ փոփոխությունները չեն քննարկվել որևէ շահագրգիռ կողմի հետ. «Որևէ մեկի հետ չի քննարկվել՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ այն դիտորդական առաքելությունների, որոնք վերջին ՏԻՄ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, ո՛չ հասարակական սեկտորի անկախ ներկայացուցիչների, ո՛չ միջազգային կառույցների՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ։ Սա բացահայտ խախտում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների»։
Նրա գնահատմամբ՝ նախագծով ամբողջ վերահսկողությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն այսօր ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ է։
«Գնահատողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, բայց օրենքում անգամ որևէ չափանիշ չկա, թե ինչպես պետք է գնահատվի՝ դիտորդը անաչա՞ռ է, թե ոչ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ԿԸՀ-ում հրեշտակներ են նստած, այս ձևակերպումների ներքո անհնար է իշխանության օգտին գործող դիտորդական կազմակերպությանը զրկել կարգավիճակից, բայց իշխանությանը քննադատողին՝ շատ հեշտ»,- նշեց նա։
Պատգամավորը օրինակ բերեց իշխանամետ դիտորդական կազմակերպությունների հնարավոր պաշտպանվածությունը՝ ընդգծելով օրենքի ընտրողական կիրառման վտանգը․
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի հստակ դիրքորոշումը՝ ընտրական օրենսդրության սկզբունքային փոփոխությունները չիրականացնել ընտրություններից մեկ տարվա ընթացքում, սակայն նշեց, որ իշխանությունը բացահայտ արհամարհում է այդ պահանջը․ «Երբ այս հարցը բարձրացվում է, Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի։ Ասում են՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում։ Մեր առաջարկը մեկն էր՝ մի արեք հիմա, բերեք հանրային քննարկման, լսենք բոլոր կողմերին, բայց դա մերժվեց»։
Պատգամավորը հատուկ ընդգծեց, որ վտանգի տակ են դրվում նաև լրատվամիջոցները․ «Նույն տրամաբանությամբ լրատվամիջոցները կարող են զրկվել հավատարմագրումից, եթե լրագրողը բացահայտի ընտրական գործընթացում տեղի ունեցող այլանդակությունները։ Սա տոտալ վերահսկողության փորձ է, որտեղ որևէ չափորոշիչ չկա, և ամեն ինչ թողնված է իշխանության վերահսկողության տակ գտնվող մարմնի հայեցողությանը»։
Եզրափակելով՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հրաժարվել է քննարկումից՝ դա համարելով ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում և կոչ արեց հանրությանը ու մասնագիտական համայնքին ակտիվ քայլերի։
Նշենք, որ առաջարկվող նախագծով ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակեցվում են արդեն գործող կանոններն ու ընդլայնվում են մեխանիզմները: Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ:
Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները: